Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական. Բոլորը դեմ էին, բայց նույնիսկ մենակ մնալով՝ Գյուլը գնաց Հայաստան
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը «CNNTurk» լրատվական ծառայության հեռուստաեթերում հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով:
Հյուրընկլավելով Միրգյուն Ջաբասի հաղորդմանը` Սևերը խոսել է իր հեղինակած «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գրքից: Սևերը նշել է, որ Գյուլի համոզմամբ հայկական, քրդական և կիպրական հարցերն ամենից կարևորն ու օրակարգայինն էին Թուրքիայի համար:
Գյուլը կարծել է, որ այդ չլուծված հարցերը աստիճանաբար դեպի քայքայման են տանում, իսկ ահա դրանց լուծումը վստահաբար ազատ ճանապարհ կբացի Թուրքիայի համար:
Սևերը պատմել է, որ նախկին նախագահը համարում էր, թե «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան կատարած այցի շնորհիվ կարող է հեռանկար ստեղծվել երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար:
«Շատերը դեմ արտահայտվեցին նրա մեկնելուն, փորձեցին հետ պահել այդ քայլից: Արտաքին քաղաքական գերատեսչությունը չէր ցանկանում, որ Գյուլը Հայաստան մեկնի: Մտահոգություններ կային թե անվտանգության և թե Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու առումով: Բայց նա ասաց՝ ես կգնամ»:
Սևերը պատմել է նաև, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլի խորհրդականներից մեկին ասել է, որ զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղն էլ է դեմ Գյուլի Հայաստան մեկնելուն:
«Բայց նույնիսկ մենակ մնալով՝ Գյուլը մեկնեց: Եվ դա բացեց դեպի արձանագրություններ տանող ճանապարհը»,- ընդգծել է Գյուլի նախկին խորհրդականը: