Իրանում վերջին երկու ամսվա ընթացքում 126 տոննա թմրանյութ է հայտնաբերվել
«Իրանում վերջին երկու ամսվա ընթացքում 126 տոննա թմրանյութ է հայտնաբերվել»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատարի տեղակալ Էսքանդար Մոումենին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ներկայացնելով վերջին շրջանում ոստիկանական ուժերի կատարած աշխատանքը, տեղեկացրել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Իրանի ողջ տարածքում 126 տոննա թմրանյութ է հայտնաբերվել:
ԻԻՀ ոստիկանական ուժերի հրամանատարի տեղակալը նշել է, որ այդ ժամանակահատվածում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ընթացքում ոստիկաններ են զոհվել:
Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «BBC»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Իրանում իրականացվող մահապատիժներին, մասնավորապես պատասխանել էր. «Իրանում մահապատիժը մեծամասամբ կիրառվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում հազարավոր իրանցի զինվորներ են նահատակվել, այդ առումով էլ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձնանց նկատմամբ խիստ պատժաչափ է սահմանվել»:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Իրանում մահապատիժների թիվն ավելացել է, որոնց մեծ մասը բաժին է ընկնում թմրանյութերի հետ կապված գործերին:
Հավելենք նաև, որ ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ վերաքննիչ դատարանի` 20.05.2015թ. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հունիսի 6-ին առգրավված հերոինն այրման միջոցով ոչնչացվել է Արարատի ցեմենտի գործարանի վառարանում: