Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանում լույս է տեսել 20 հատորանոց «Իրանի ընդհանուր պատմություն» գիրքը, որտեղ ներկայացվում է Իրանի՝ նախաարիական դարաշրջանից մինչև Ղաջարների դինաստիայի անկումն ընկած ժամանակահատվածի ամփոփ պատմությունը:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Իրանի՝ նախաիսլամական պատմությունը մեղմ ասած պատշաճ ուշադրության չի արժանացել իշխանությունների կողմից, փոխարենը՝ շեշտը դրվել է հետիսլամական դարաշրջանի պատմությունն արժևորելու վրա:
Ինքնության կերտման և սեփական պատմությունը ստեղծելու գործով զբաղված Ադրբեջանական Հանրապետությունը չէր կարող անտարբեր մնալ: Վերջինս ընձեռված առիթն օգտագործելով՝ ջանասիրաբար սկսեց «ադրբեջանականացնել» իրանական մշակութային և պատմական արժեքները:
Ադրբեջանը, չբավարարվելով Իրանի գրականության 12-րդ դարի մեծագույն դասականներից մեկին՝ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» դարձնելուց, հասավ նրան, որ թառ երաժշտական գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվեց իր անվանը: Իսկ այժմ համառորեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի յուրացնի հին իրանական ճոկան (polo) մարզախաղը, կասպիական ձին ու «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս Թախթ-է Ջամշիդի (Պերսեպոլիս) պատմական համալիր կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի ժողովուրդը պետք է պահպանի իր իսլամական ու իրանական քաղաքակրթությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ իրանական մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությանը՝ նշենք, որ եթե մի քանի տարի առաջ այն իրականացվում էր ԶԼՄ-ների կողմից, ապա վերջին տարիներին այդ գործընթացն իրականացվում է ամենաբարձր՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով:
Ինչպես վերևում նշված գրքի լույս ընծայումը, այնպես էլ Ռոհանիի՝ Պերսեպոլիսում արած հայտարարությունը վկայում են, որ Իրանի ներկայիս իշխանությունները սկսել են արժևորել նախաիսլամական պատմությունն ու տեր կանգնել սեփական պատմությանը: Պետք է ենթադրել, որ Իրանի իշխանություններն արդեն գիտակցում են, որ այլևս չպետք է հանդուրժել Ադրբեջանի՝ իրանական մշակութային արժեքներն ադրբեջանականացնելու քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական զեղծարարությունների դեմ Իրանի գործողություններին՝ ապա արժե հիշատակել Իրանի մշակույթի նախարար Ալի Ջաննաթիի բավականին պատկերավոր բնութագրումը. «Կարճամիտ տարրերը, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակութային արժեքները, պարսից լեզուն և գրականությունը, չեն հասնի իրենց նպատակին»:
Արմեն Իսրայելյան, իրանագետ