Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներին (լուսանկարներ)
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը ծանոթացել է երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվել բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցել երեխաների ծնողների հետ, տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից:
Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշել է, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:
Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
Արմեն Մուրադյանը հանձնարարել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:
Նախարարը հանձնարարել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջներին:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ. Երեխաների թունավորման դեպքերի միջև փոխկապակցվածություն չկա
Նորապատ գյուղից հիվանդանոց տեղափոխված երեխան կոմայի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա