Անժելային օգնել է պետք. Վիրահատության օրը նշանակված է, գումարը չկա
Անժելա Արզումանյանն ընտանիքի ավագ երեխան է: Ծնվել է ծնողների ամուսնությունից տասը տարի անց: Կրտսեր եղբայր ունի:
17-ամյա Անժելան հիմա Իսրայելում է: Հունիսի 26-ին նշանակված է վիրահատությունը: Բժիշկներն ասել են, որ սա բացառիկ դեպք է, երբ գումարը դեռ չվճարած` վիրահատություն են նշանակել: Սակայն պահանջվող 40 հազար դոլար գումարի միայն մեկ քառորդն է հավաքվել:
Panorama.am-ի հետ զրույցում Անժելայի հայրը` Արշավիր Արզումանյանն ասաց` մի քանի օր առաջ Արցախից Երևան է եկել, մի բարի մարդու խնդրել է, որ օգնի: Անհամբեր նրա պատասխանին է սպասում:
Հայրը մեկ առ մեկ, ամսաթվերով հիշում է դստեր կյանքի այս բարդ շրջանը` ե՞րբ հայտնաբերեցին չարաբաստիկ հիվանդությունը, ե՞րբ վիրահատվեց, ո՞ր օրը Մոսկվա մեկնեցին, հետազոտությունը ո՞ր օրը եղավ…«Նախորդ տարվա օգոստոսի 16-ին վիրահատել են, սեպտեմբերի 2-ից աղջիկս ու կինս Մոսկվայում են եղել, մոտ մեկ ամիս հինգ օր անալիզներ են հանձնել, հետո երկու կուրս քիմիաթերապիա… դա տևել է մինչև մարտի երեքը…»:
Հայրը պատմեց, որ դստեր մոտ հիվանդությունը` ողնաշարի քաղցկեղ, հայտնաբերվել է շատ պատահական: Երբ աղջկա 16 տարին լրացել է, նրանք կանչել են պոլիկլինիկա` կաբինետներով անցնելու: Այստեղ էլ նկատել են ողնաշարի վրա գտնվող ուռուցքը: Այնուհետև ընտանիքը Ղարաբաղից եկել է Երևան, «Նաիրի» ԲԿ-ում Անժելան վիրահատվել է, այստեղ էլ խորհուրդ են տվել Ռուսաստան մեկնել:
Մայր ու աղջիկ գնացել են Մոսկվա նախորդ տարվա սեպտեմբերին, մինչև մարտի երեքը եղել են այնտեղ: Այս ընթացքում հետազոտությունները ցույց են տվել, որ մեջքին նոր ուռուցքներ են հայտնվել: Նշանակված երկու կուրս քիմիաթերապիան ու այլ բուժումներ արդյունք չի տվել: Հետո նորից Մոսկվա են մեկնել, բուժող բժիշկը ինչ-որ բաներ է նկատել:
Աղջկա ընտանիքը կարողացել է սկզբում ծախսերն իր ուժերով հոգալ` Երևանում վիրահատությունը, Մոսկվա մեկնելու և այլ ծախսերը կարողացել է հոգալ, հետո էլ ընկերներն են օգնել, բարի մարդիկ: Արշավիրն ասում է, մի ռուս կին կա, իրենց շատ է օգնել, չգիտի էլ` թե ոնց է վարձահատույց լինելու: Խոսքը Տատյա Կրասնովայի մասին է, ով ակտիվորեն ներգրավված է Անժելային օգնելու գործում. «Շատ է չարչարվում մեզ համար»:
Մոսկվայում էլ դաժան օրեր են եղել, ծանոթներից մեկը համաձայնել է իր ավտոմեքենայում ապրել, գիշերել ու իր մեկ սենյականոց բնակարանը տրամադրել է Անժելային ու մորը:
Ովքեր կարող են Անժելային օգնել սա հոր` Արշավիր Արզումանյանի հեռախոսահամարն է +37497318551:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները