Բորուջերդի. Ւրանի միջուկային խնդրի շուրջ ստորագրված վերջնական համաձայնագիրը պետք է Մեջլիսում հաստատվի
«Ւրանի միջուկային խնդրի շուրջ ստորագրված վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի Մեջլիսի կողմից»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականն, անդրադառնալով հունիսի 30-ին Իրանի և «5+1 խմբի» միջև սպասվող վճռորոշ հանդիպմանը, մասնավորապես նշել է. «Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն՝ միջուկային խնդրի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերվելու դեպքում, այն պետք է հաստատվի Մեջլիսի կողմից, սակայն, հաշվի առնելով հակառակ կողմի մեծ պահանջները, հավանականությունը քիչ է, որ համաձայնություն կլինի»:
Շարունակելով խոսքը՝ Բորուջերդին հավելել է. «Վերջնական համաձայնության ձեռք բերումից հետո պետք է համադրենք, արդյո՞ք համաձայնագիրը չի հակասում սահմանադրությանն ու մեր ազգային շահերին: Եթե այդ հարցում խնդիրներ չլինեն, ապա մենք էլ կողմնակից կլինենք համաձայնությանը, իսկ հակառակ դեպքում՝ մենք դրան կընդդիմանանք»:
Նշենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնագրի տեքստի մշակման շուրջ բանակցություններ վարեն, որպեսզի հունիսին ձեռք բերվի վերջնական համաձայնությունը: