Փորձագետ. Մովսես Հակոբյանը նոր պաշտոնում լիարժեք հնարավորություն ունի շարունակել իր առաքելությունը
ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի նշանակումը ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, իսկ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Լյովա Մնացականյանին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնում պետք է դիտարկել բանակում մշտական ընթացքող կադրային վերադասավորումների համատեքստում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Բանակում կադրային տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, իհարկե, վերջին կադրային փոփոխությունները առանձնահատուկ են նրանով, որ ԼՂՀ ՊԲ և ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալների պաշտոնները իրենց նշանակության առանցքային են»,- նշեց Տ. Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են պատերազմող Արցախի ակտիվ գեներալին բերում Հայաստան, փորձագետը նշեց. «Երկու գեներալներն էլ՝ մարտական լավ ճանապարհ են անցել, կադրային զինվորականներ են և մեծ ծառայություններ են մատուցել հայրենիքին: Ի դեպ, Լյովա Մնացականյանը պատահական մարդ չէ, նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ ՊԲ-ում, եղել է ՊԲ շտաբի պետը, այնպես որ, կարծում եմ՝ այս կադրային վերադասավորումները տրամաբանական էին»:
Տ. Աբրահամյանի խոսքերով, ՀՀ ԶՈՒ-ն և ԼՂՀ ՊԲ-ն ամբողջական բռունցք են և մեծ առումով, միևնույն խնդիրներն են լուծում. «Այնպես որ, Մովսես Հակոբյանն իր նոր պաշտոնում լիարժեք հնարավորություն ունի շարունակել իր առաքելությունը՝ մեծ ծառայություններ մատուցել նաև ԼՂՀ պաշտպանական բանակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան