Եկեք «տրագեդիա» չսարքենք և թույլ տանք այս օրենքն ընդունվի. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)
Ազգային Ժողովում այսօր քննարկվում է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ելույթով հանդես եկավ և հորդորեց կողմ քվեարկել նախագծին:
«Մեկ-մեկ զարմանում եմ, որ մեր Ազգային ժողովը այնպիսի հարցերի վրա է կենտրոնանում, երկար քննարկում, երբ դրա անհրաժեշտությունը չի լինում: Երեք տարի առաջ ես խնդրեցի, բարձրաձայնեցի, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքը հնացել է: Էն ժամանակ պարոն Աբրահամյանն էր Ազգային ժողովի նախագահը, ասացի, պարոն Աբրահամյան, հիմա էլ ասում եմ, պարոն Սահակյան, եկեք աշխատանքային խումբ ստեղծենք և այս օրենքը վերանայենք: Հիմա այն, ինչ անում է Մարուքյանը, կներեք, փոքր դետալ է, բայց լավ բան է անում, ուղղակի չգիտեմ կանեն, թե ոչ, քանի որ հասկանում եմ, որ օրենքի ընդունումը պետբյուջեի համար լրացուցիչ ծախս է սահմանելու»,- ասաց Գ.Ջհանգիրյանը և միաժամանակ հավելեց, որ չի կարծում, թե որևէ պաշտոնյա կլինի, որ դեմ կլինի այս օրենքի ընդունմանը:
«Եթե Ձեզ թվում է, թե մարտական հերթապահությունը տենց հաճելի բան է, ապա ասեմ, որ մեր զինծառայողները, նրանց հարազատները, բարեկամները առավոտից իրիկուն, ծանոթություններ և նաև ապօրինի միջոցներ գործադրելով՝ ցանկանում են խուսափել, նախ՝ առաջին գծում ծառայելուց, հետո՝ մարտական հերթապահություն կրելուց»,- ասաց Ջհանգիրյանը և ավելացրեց, որ զինծառայողների ընտանիքներն ամեն քայլի դիմում են երեխաներին կապի վրա, խոհանոցում տեղավորելու համար:
Նրա խոսքերով՝ հասկանում են, որ դա խիստ վտանգավոր և բարդ ծառայության տեսակ է, հետևաբար՝ վերաբերմունքն էլ, որպես պատգամավորներ, որպես խորհրդարան, պետք է առանձնահատուկ լինի այդ մարտական ծառայության մեջ ներգրավված զինծառայողների նկատմամբ: «Հատկապես, եթե նրանք ոչ իրենց մեղքով խեղում կամ հիվանդություն են ստանում»,- նշեց պատգամավորը:
Ըստ Գ.Ջհանգիրյանի՝ ընդամենը մի քանի զորամասեր կան, որոնք ամենօրյա մարտական հերթապահություն չեն իրականացնում: Այսինքն, ըստ էության, այս խնդիրը մեծամասամբ տարածվում է գրեթե բոլոր զորամասերի և զինծառայողների վրա:
«Ուզում եմ ասեմ` եկեք ստեղ «տրագեդիա» չսարքենք և թույլ տանք այս օրենքը ընդունվի, քանի որ շատ լավ օրենք է, իսկ եթե Դուք ուզում եք հարցը սկզբունքային լուծենք և բոլորի համար լուծենք, մեկ անգամ ևս առաջարկում եմ` եկեք վերանայենք «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը»,- եզրափակեց Գ. Ջհանգիրյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Հիվանդ զինծառայողների անվճար բուժմանը վերաբերող օրինագծում Ջհանգիրյանը մտահոգիչ տարրեր է գտել
Ցանկացած վայրահաչոց հայոց բանակի նկատմամբ, վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ. Շարմազանով (տեսանյութ)
Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը