Վիրահայոց թեմի երիտասարդ կամավորները մասնակցել են Թբիլիսիի մաքրման աշխատանքներին
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ, թբիլիսահայ երիտասարդների կազմով կամավորական ջոկատը մասնակցել է բնական աղետի հետևանքներից քաղաքի մաքրման աշխատանքներին:
Թեմից հայտնում են, որ առավոտյան ջոկատը մասնակցել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում զոհվածների հոգիների խաղաղության համար հոգևոր սպասավորներ Տեր Սամվել քահանա Թորոսյանի և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի կողմից կատարված հոգեհանգստյան արարողակարգին:
Այնուհետև կամավորները զինված բահերով և այլ անհրաժեշտ պարագաներով, ոտքով հասել են ողբերգության վայր՝ Թբիլիսիի Հերոսների հրապարակ և Լագունա Վերեի տարածք ու ձեռնամուխ եղել մաքրման աշխատանքներին: Ակտիվիստները ցեխից ու տիղմից մաքրել են տարածքը, մասնակցել ճանապարհը բացելու գործին: Երիտասարդները աշխատել են ամբողջ օրը և պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց մասնակցությունը բարեգործական գործողությանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած զարհուրելի ողբերգության հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով հասել է 15-ի, ընդորում չորսը հայազգի Վրաստանի քաղաքացիներ են՝ Լիանա, Ժաննա և Սվետլանա Եղիազարովաներ և Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա: Անհայտ կորածների թիվը հասնում է 9-ի: Անօթևան է մնացել 24 ընտանիք: Որոնման աշխատանքները շարունակվում են: