Բիբինը «սպառնալիքներով» նամակ է գրել Ռոբերտ Նազարյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է ձեռք բերել այդ նամակի պատճենը:
Թերթի փոխանցմամբ՝ այդ գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք:
«Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում:
Ավելին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»:
Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել: