Ուժեղացված ռեժիմով աշխատելու համար մարզերի հիվանդանոցներին են կցվել մայրաքաղաքի ԲԿ-ները
Բժշկական ծառայություններն արագ կազմակերպելու համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերին կցվել են մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկան, ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։ Այս մասին հայտնել են նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են նաև վերջին շրջանում հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները։
Այնուհետև ներկայացվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարզերում և Երևանում գործող նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատություններում իրականացված գույքագրման արդյունքները։ Նաև հաշվարկվել է, թե ֆինանսական որքան միջոցներ են անհրաժեշտ այդ հաստատությունների խոհանոցների և սանհանգույցների վիճակը բարելավելու, անհրաժեշտ գույքով հագեցնելու համար։
Նշվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 857 hրամանով և 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» 42-Ն հրամանով սահմանվել են սննդի կազմակերպման, որակի, պահպանման, պատրաստման, առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը։
Նախադպրոցական հիմնարկների խոհանոցների բարելավումը կնպաստի պահանջվող նորմատիվների ապահովմանը։ Կարևորվել է ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, այնպես էլ ընտանիքներում այդ նորմերի ապահովումը։
Թեև հսկողությունն առողջապահության նախարարության իրավասության շրջանակում չէ, սակայն նախադպրոցական ուսումնական հաստատություններում առաջացող խնդիրների հետևանքներին այս համակարգն է առնչվում։
Քննարկվել է նաև Համահակական ամառային 6-րդ խաղերի մարզիկների և մասնակիցների բժշկական օգնությունը բարձր մակարդակով կազմակերպելուն վերաբերող հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բոլոր մարզադաշտերում, մարզասրահներում շտապ բժշկական օգնության ծառայություններ կապահովվեն։ Հաշվի առնելով սպորտային վնասվածքների առաջացման հավանականությունը` կհերթապահեն նաև օրթոպեդ-վնասվածքաբաններ։
«Համապետական նշանակության միջոցառումների ժամանակ, հատկապես մեծաթիվ հյուրերի առկայության պայմաններում, մեր համակարգն արդեն բարձր պատրաստվածություն ապահովելու փորձ ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Նա հավելել է, որ այդ օրերին կուժեղացվի հիվանդանոցների ընդունարանների, վիրահատական ու վերակենդանացման բաժանմունքների պատրաստվածությունը։ Ուժեղացված ռեժիմով կաշխատեն նաև պոլիկլինիկաները, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայություններ կմատուցեն նաև հյուրանոցների բնակիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում