Հայաստանում բենզինը, օղին և ծխախոտը կթանկանան
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որով նախատեսվում են ակցիզային հարկի նոր դրույքաչափեր ակցիզավորման ենթակա որոշ ապրանքատեսակների համար: Այդպիսի ապրանքատեսակներ են մասնավորապես, օղին և ծխախոտը:
Օրինագծի անհրաժեշտությունը բխել է Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցելուց: «Խնդիր է դրված ներդաշնակեցնել անդամակցող երկրներերի ակցիզային հարկի դրույքաչափերը: Ներկայումս Հայաստանում գործող դրույքաչափերը չորս անգամ ցածր են, քան ԵՏՄ անդամակցող երկրներում գործ ակցիզային հարկի դրույքաչափերը», այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Այսպիսով, կառավարությունն առաջարկում է 10 տոկոսով ավելացնել ծխախոտի արտադրանքի և օղու ակցիզային հարկի դրույքաչափը: Կոնյակը և գինին այդ ապրանքատեսակների մեջ չեն մտնում, քանի որ դրանք «ՀՀ տնտեսության զարգացման գործում գերակա ուղղություն ունեն»:
Բացի այդ, կառավարությունը նույն օրինագծով առաջարկում է վերանայել վառելիքի` բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը: Եթե ներկայումս բենզինի համար 112 հազար դրամ է սահմանված ակցիզային և ավելացված հարկի հանրագումարը, ապա նոր օրինագծով առաջարկվում է այն դարձնել 120 հազար դրամ 1 տոննայի դիմաց, եթե դիզելային վառելիքի համար` 32 հազար 500 դրամ է հիմա, ապա փոփոխությամբ առաջարկվում է դարձնել 35 հազար դրամ, սեղմած գազի 1000 խմ-ի համար սահմանել 8300 դրամ:
Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ակցիզային հարկի այսչափ ավելացումը մասնավորապես վառելիքի շուկայում գների վրա էական ազդեցություն չի ունենա: «1 տոննայի համար առաջարկվող բարձրացումը կազմում է ընդամենը 8 հազար դրամ, իսկ եթե դա վերածենք լիտրի, հաշվի առնելով խտությամբ պայմանավորված հանգամանքը, ապա մեկ լիտրի համար լինելու է ընդամենը 6 դրամ բարձրացում: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 6 դրամ բարձրացումը այն բարձրացումը չէ, որ կարող է գների վրա էական ազդեցություն ունենալ», -հայտարարեց Միրումյանը:
Նախագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2016 թվականի հունվարի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան