Որևէ վտանգավոր բան չկա, տիկին Փոստանջյան ջան. Վարդան Այվազյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Սյունիքի մարզի 3 պոչամբարների վերամշակման մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խորհրդարանականներին ու մասնավորապես Զարուհի Փոստանջյանին վստահեցրեց, որ օրինագծի իրականացումը վտանգավոր հետևանքներ չի առաջացնի:
«Որևէ վտանգավոր բան չկա, տիկին Փոստանջյան ջան: Հանգիստ եղեք»,-դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորին, հայտարարեց Այվազյանը:
Հիշեցնենք` խոսքը «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի վերաբերյալ է: Օրենքով, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական խոշոր աջակցություն` շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար, տրամադրում է միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Պոչամբարների վերամշակման արդյունքում ընկերությունը խոստանում է, որ պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Եվ ամենակարևորը` նրանք խոստանում են Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ բացել: Օրինագծով մշակվելիք «Մաստեր պլան»-ը, որը դեռ պետք է ապագայում հաստատվի կառավարության որոշմամբ, անցնի բնապահպանական փորձաքննություն, դառնալու է «Ալյոտիգ»-ի գործունեության հիմքը:
Այվազյանն ասաց, որ ընդհանուր առմամբ կողմ են օրինագծին, իսկ դրա առնչությամբ որոշ շրջանակների մոտ առաջացած վախերը համարեց անտեղի:
Օրինագծի, և ընդհանապես, իրականացվելիք ծրագրի առնչությամբ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ «Ալյոտիգ» ընկերությունը կասկածելի ընկերություն է և հայտնի չէ` ինչ է իրականացնելու, քանի որ գործունեության հիմք հանդիսացող Մաստեր պլանը պետք է ավելի ուշ հաստատվի կառավարության կողմից: Ավելին, ըստ պատգամավորի, հայտնի չէ, թե ինչ տեխնոլոգիաներով են աշխատելու պոչամբարներում կուտակված թափոնները վերացնելու համար: Իսկ բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ նոր պոչամբար է կառուցվելու:
«Էդ ինչ մեթոդներ, տեխնոլոգիաներ պետք է կիրառի, որ պոչամբար չստեղծի: Արմանիսի օրինակը մեր աչքի առաջ է, պոչամբարներ չունեցա՞վ Արմանիսը, գնացեք, տեսեք` ինչ է կատարվում այնտեղ», -ասել էր բնապահպանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ
ԱԺ-ն սկսել է քննարկել Հայաստանի 3 խնդրահարույց պոչամբարներին վերաբերող օրինագիծը
Սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին. Փոստանջյանը` պոչամբարները մշակելու վերաբերյալ օրինագծի մասին
ԲՀԿ-ական պատգամավորը Փոստանջյանին մեղադրեց դիլետանտության մեջ
Սյունիքի մարզում խոշոր ներդրումներով նոր պոչամբար են կառուցելու. Վստահ է բնապահպանը