ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը Ադրբեջանին երբևէ չի առաջարկել անդամակցել կառույցին
ՀԱՊԿ կառույցի անդամ երկրները իրենք պետք է պաշտպանեն իրենց պետական շահերը և ներքին կայունության պահպանման քայլեր ձեռնարկեն: Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրներում որոշ ոչ կառավարական կազմակերպությունների քայքայիչ գործունեության վերաբերյալ հարցին` Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Վերջինիս խոսքով` գունավոր հեղափոխությունների իրագործման ժամանակ շահագրգիռ կողմերը շեշտը դնում են հենց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության վրա:
Անդրադառնալով Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման գործունեությանը` Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների` ԻՊ-ի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների մի քանի հազար քաղաքացիներ:
Խոսելով ԻՊ որոշակի հաջողությունների պատճառների մասին` Ն. Բորդյուժան ասաց, որ գլխավոր պատճառը ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոորդինացիայի և համագործակցության բացակայությունն է:
Ամփոփելով մայիս-հունիս ամիսներին Դուշամբեում տեղի ունեցած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության անակնկալ ստուգման արդյունքները` Նիկոլայ Բորդյուժան շեշտեց, որ անցկացված միջոցառումները հստակ ցույց տվեցին, որ ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերը կարող են դիմակայել ցանկացած տեսակի և չափի մարտահրավերների:
Անդրադառնալով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում անցկացվելիք «Անքակտելի եղբայրություն» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններին` Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ դրանց նախապատրաստական աշխատանքները իրականացվում են նախանշված ծրագրերին համապատասխան` վստահություն հայտնելով, որ զորավարժությունները կանցկացվեն բարձր մակարդակով:
Վերջինս նշեց, որ զորավարժություններին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի Մարդասիրական դեպարտամենտի ստորաբաժանումները: Նիկոլայ Բորդյուժայի խոսքով` ՀԱՊԿ-ը կառույցին անդամագրվելու այլ պետությունների հայտեր չի ստացել:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հերքեց, որ երբևէ առաջարկել է Ադրբեջանին դառնալ կառույցի անդամ` միևնույն ժամանակ շեշտելով, որ իր կարծիքով բոլոր երկրները պետք է մասնակցեն հավաքական անվտանգության ապահովման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները