Բորդյուժա. ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ իր դաշնակիցների համակողմանի աջակցությունը
ԼՂ հիմնահարցի լուծումը հնարավոր է գտնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցությունների արդյունքում: Այսօր կայացած Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. ԼՂ հիմնահարցի լուծման շրջանակներում ստեղծվել և գործում են միջազգային կառույցներ` այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հիմնախնդրի հետ կապված հարցերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և երկու կողմերի համար ընդունելի լուծման տարբերակների որոնմամբ: Խորապես համոզված եմ, որ այլ կառույցներ այս գործընթացին չպետք է մասնակցեն»,- նշեց Ն. Բորդյուժան` հավելելով, որ այլ կառույցների մասնակցությունը կարող է «խառնաշփոթ առաջացնել»:
«Միջազգային հանրությունը այդ պարտականությունը հանձնարարել է Մինսկի խմբին»,- շեշտեց ՀԱՊԿ քարտուղարը:
Վերջինիս խոսքով` կառույցը, բնականաբար, տեղեկացված է հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին. «Մենք ստանում ենք փոխհրաձգությունների և հայկական կողմի զոհերի մասին տեղեկություններ, դրանք մշակվում են և փոխանցվում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին, որպեսզի նրանք պատկերացում կազմեն, թե ինչ է այնտեղ կատարվում»:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ առանձնահատուկ կերպով շեշտեց, որ Հայաստանը կառույցի լիիրավ անդամ է և իրավունք ունի ստանալ իր դաշնակիցների համակողմանի աջակցությունը «իր տարածքում իրադարձությունների բացասական զարգացման պարագայում»:
Պատասխանելով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ` հայկական լրատվամիջոցներում ծավալված արշավի վերաբերյալ հարցին, Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է շատ վաղուց` հավելելով, որ ՀՀ Պաշտպանության նախարարը «լեգենդար անձնավորություն է, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանին»:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին հարցին` Ն. Բորդյուժան նշեց, որ Ռուսաստանը իր գործունեությամբ որևէ պարագայում չի խախտում ուժերի հավասարակշռությունը:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց, որ նախկին Խորհրդային միության տարածքում առկա սառեցված հակամարտությունները կարող են լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները