Է.Նալբանդյան. Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը
«Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան»,- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի բացման նստաշրջանին ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության ներկա փուլի մասին:
Շարունակելով ելույթը, նախարարը նշել է. «Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին:
Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին տասը տարում երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը բաձրաձայն պետք է դատապարտի նման կեցվածքը, որը միայն փակուղի է տանում և առաջին հերթին՝ ադրբեջանական հասարակությանը:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին շարունակելու ջանքերն` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում