Վրաստանում որոշել են խափանել Placebo խմբի համերգը կատակի պատճառով
Վրաստանի մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օկիտաշվիլին մտադիր է խափանել Թբիլիսում հուլիսի 7-ին նախատեսված բրիտանական Placebo խմբի համերգը կիթառահար Ստեֆան Օլսդալի՝ ջրհեղեղի հետևանքների հետ կապված կատակի պատճառով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նրա խոսքով, երաժիշտը վիրավորել է ամբողջ Վրաստանին, առաջին հերթին այն մարդկանց, ում հարազատները մահացել են աղետի հետևանքով:
«Placebo-ն որևէ բարոյական իրավունք չունի գալ Թբիլիսի, բայց պետք է կազմակերպիչները որոշեն: Անձամբ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խափանեմ այդ համերգը՝ նետելով լոլիկներ և փտած ձվեր: Ես թույլ չեմ տա ծիծաղել վրաց ազգի վրա և վիրավորել զոհվածներին»,- ասել է նա:
Հունիսի 14-ին կիթառահարը սոցիալական ցանցում կատակել էր Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղի թեմայով: Նա տեղադրել է Թբիլիսի կենդանաբանական այգուց փախած գետաձիու լուսանկարը և գրել, որ մեծ ցանկություն ունի «միանալ այդ կրկեսին»:
Այդ նույն օրը ավելի ուշ երաժիշտը հեռացրել է գրառումն ու ներողություն խնդրել: «Իրականում ես չէի ցանկանում վիրավորել որևէ մեկին: Ես անհամբեր սպասում եմ Վրաստանում կայանալիք համերգին և հույս ունեմ, որ մայրաքաղաքը շուտով ոտքի կկանգնի և որևէ այլ աղետ տեղի չի ունենա»,- գրել է նա Instagram-ում:
Հիշեցնենք, որ հունիսի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները: Պաշտոնապես հայտարարվում է ջրհեղեղի հետևանքով19 զոհի մասին: