Նաիրա Մուրադյանի կենդանացրած գրքերը (լուսանկարներ)
Արվեստագետը սովորաբար ընտրում է արվեստի մի ճյուղ ու նվիրվում դրան: Նաիրա Մուրադյանը մի փոքր խախտել է այս «ավանդույթը»: Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչը զբաղվում է նաև գրքերի ձևավորմամբ: Մեկը մյուսից հաստատ չի տուժում: Դա են վկայում մուլտիպլիկացիայի, բեմանկարչության, գրքի ձևավորման նրա գործերը:
«Գրքեր ձևավորել եմ միշտ ու միայն այն ստեղծագործությունները, որոնք հավանել եմ»,-Panorama.am-ին որոշակիացրեց Նաիրա Մուրադյանը:
Գրքեր ձևավորելը, իմացանք, անիմացիային չի խանգարում:
«Հանգստանում եմ ու գումար աշխատում դրանով»,-կատակի նման ասաց նա:
Նաիրա Մուրադյանի նկարազարդումները կենդանացնում են գրքերը, ինչպես եթե շարժուն անիմացիա լինեին: Համոզվեք` ներկայացնում ենք ձևավորումներից մի քանիսը.
Նաիրա Մուրադյանը նկարած ֆիլմերից են` «Գնա խաղաղությամբ» (1999թ.), «Հազար ու մի հնարք» (1981թ.), «Երեք հեքիաթ» (1983թ.), «Փոքրիկ հողագործը» (1983թ.), «Ոսկե պայտը» (1984թ.), «Ո՞վ է քո ընկերը», «Արձագանք» (1986թ.), «Նռնենիները» (1987թ.), «Վարդավառ» (1989թ.), «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» (1990թ.), «Տան խաղաղ հովտում» (1991թ.), «Հայոց գրեր» (1992թ.), «Ջիքը և Ջաքը» (1993թ.), «Բիթլիս» (2008թ.), նաև որպես ռեժիսոր և սցենարիստ` «Ճանապարհ» (2004թ.), «Երեք պոետ և Չարենց» (2004թ.), «Անցած լինի» (2005թ.), «Պստիկ զինվոր» (2006թ.), «Ամեն ինչ անցյալում է» (2006թ.), «Փոքրիկ տրոլների կյանքից» (2008թ.), «Այդ օրը» (2010թ.), «Բալետ» (2012թ.):
«Բալետ» ֆիլմի համար 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին: