Իրանագետ. Միջուկային հիմնահարցի լուծման վերջնաժամկետն ուժի մեջ է
Մոտենում է հունիսի 30-ը, որն ըստ ԻԻՀ և «5+1» երկրների միջև նախապես ձեռքբերված համաձայնության, համարվում է միջուկային հիմնախնդրի հանգուցալուծման վերջնաժամկետ: Այն մասին, թե ինչպե՞ս կարող են զարգանալ գործընթացներն ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ, Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
-Նկատելի է, որ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Իրանում հունիսի 30-ին ընդառաջ այնքան էլ լավատեսորեն չեն տրամադրված բանակցությունների վերջնական փուլին, ուստի հնարավո՞ր է հերթական անգամ բանակացությունները երկարաձգվեն:
-Տեսականորեն հնարավոր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ, ի տարբերություն բանակցային գործընթացի կասեցման կամ երկարաձգման վերաբերյալ որոշման, համագործակցային հարաբերություններ կառուցելու և միջազգային նշանակության խնդիրներ կարգավորելու ճանապարհը շատ ավելի խրթին է և ժամանակատար: Սակայն որպեսզի կարողանանք առավել հստակ պատասխանել այդ հարցին, հարկավոր է հասկանալ, թե ինչ կարող են շահել և կորցնել ԻԻՀ-ը և «5+1» երկրները միջուկային հիմնահարցի շուրջ բանակցությունների երկարաձգումից: Առաջինը, որ աչք է զարնում, բանակցությունների սեղանի շուրջ գտնվող ուժերի աշխարհաքաղաքական հակասական շահերն են, որոնք միջուկային հիմնախնդրի դրական ելքի վերաբերյալ հոռետեսական տրամադրություններ են առաջացնում: Այդուհանդերձ, այդ տրամաբանությանը հակառակ առավել համոզիչ իրողություններ կան, որոնք հավանական են դարձնում հիմնախնդրի մոտալուտ հանգուցալուծումը: Ձեր ուշադրությունը հրավիրեմ ամենակարևոր գործոններից մեկի վրա. քանի որ Մերձավոր Արևելքում տիրող անկայուն իրավիճակն աքցանի մեջ է վերցրել ԻԻՀ-ին, և այդտեղ ծավալված քաոսային զարգացումներն այլևս հրամայական են դարձրել Իրանի՝ առավել խոսուն ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում, դա տեղափոխել է խնդիրն Իրան-Արևմուտք հարաբերությունների հարթություն: Ակնհայտ է, որ մոտեցել է այդ հարաբերությունները որոշակիացնելու ժամանակը՝ առճակատում կամ կարգավորում: Միջուկային հիմնախնդրի լուծումն, ըստ էության, հարաբերությունների համակողմանի կարգավորման բանալին է, որքան էլ ԱՄՆ-ում և այլուր հնչեն կարծիքներ առ այն, որ միջուկային հիմնախնդրի կարագավորումը դեռևս չի նշանակում Թեհրանի հետ նորմալ դաշնակցային հարաբերություններ: Մյուս կողմից, հիմք ընդունելով այն փաստը, որ բանակցող երկու առանցքային կողմերը՝ ԻԻՀ-ը և ԱՄՆ-ը, միջուկային հիմնախնդրի կարգավորման համար լրջագույն քաղաքական-տնտեսական կապիտալ են խաղարկում՝ կարելի է ենթադրել, որ զարգացումները կընթանան հենց կարգավորման տրամաբանությամբ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի՝ վերջերս արտահայտած այն միտքը, որ հունիսի 30-ին հնարավոր չէ վերջնական համաձայնության հանգել:
-Իրանի համար շատ կարևոր է ցույց տալ աշխարհին, որ իրենք բանակցությունների գնում են ոչ թե պարտվողի, այլ հաղթողի հոգեբանությամբ, ուստի հերթական անգամ ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի շուրթերից հնչել են մտքեր, որոնք քարոզչական տեսանկյունից հստակ նպատակներ են հետապնդում, սակայն գործնականում ուղղակիորեն չեն ազդում բանակցային գործընթացի վրա: Ի վերջո, նա ԶԼՄ-ներին կարող է մեկ բան ասել, մեկ այլ բան հանձնարարել արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆին: Սովորաբար բանակցային հերթական փուլից առաջ իր խոսքում այաթոլլահ Ա. Խամենեին շեշտադրում է այն խնդիրները, որոնց նկատմամբ Իրանն առավել զգայուն է: Այս անգամ նա հատուկ անդրադարձել է ԱԷՄԳ-ի այն պահանջին, համաձայն որի՝ հիշյալ գործակալության փորձագետները կարող են ցանկացած պահի ԻԻՀ տարբեր ռազմական նշանակության օբյեկտներում ուսումնասիրություններ կատարել: Գերագույն հոգևոր առաջնորդն Իրանի համար խիստ անընդունելի է համարել այդ պահանջը՝ նախապես հուշելով Արևմուտքին խնդրի կարևորությունը Թեհրանի համար: