Ուրիխանյանը պահանջում է Բիբինին անցանկալի անձ ճանաչել
«Առաջարկից դիմում եմ խորհրդարանին, որպեսզի խորհրդարանը միջոցներ ձեռնարկի Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետությունում անցանկալի անձ ճանաչելու առթիվ»,-այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը` նախապես զգուշացնելով, որ իր հայտարարությունը խորհրդարանում քննարկվող հարցի հետ կապ չունի:
Նա առաջարկեց նաև Հայաստանի պետական կառույցների նկատմամբ ունեցած «արհամարհական ու անհարգալից վերաբերմունքի» համար պետք է նրա նկատմամբ ձևավորվի պաշտոնական դիրքորոշում պետության կողմից, ինչպես նաև քրեական գործ հարուցվի ՀԷՑ-ում կատարված հանցագործությունների ու ապօրինությունների համար:
«Օգտվելով այն հանգամանքից, որ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարն այս դահլիճում է, դիմում եմ Ձեզ, որպեսզի ջանքեր գործադրեք ձեր կողմից համակարգվող ոլորտը կարգի բերելու ուղղությամբ», -դիմելով փոխնախարար Արեգ Գալստյանին հայտարարեց Ուրիխանյանը: