«Պատմությունը կրկնվում է…». Ռիչմոնդում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգակենտրոն Ռիչմոնդում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: Ֆիլմը ցուցադրվել է հայկական ամենամյա փառատոնի շրջանակում, որը կազմակերպում է Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին: Վիրջինիայի և հարևան շրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներից բացի ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ամերիկացի հյուրեր, նաև Ռիչմոնդի քաղաքային խորհրդի պատգամավոր Ջոն Բալիլեսը, ով եղել է նաև այս տարվա ապրիլին քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասսպանության ճանաչման նախաձեռնողը:
Ֆիլմի դիտումից հետո նախագծի ստեղծագործական խմբի անդամ Հայկարամ Նահապետյանը պատասխանել է ներկաների հարցերին:
«Մենք իրավունք չունենք թույլ տալ ադրբեջանցիներին և միջազգային հանրությանը մոռանալ այն մասին, թե ինչ է եղել Բաքվում 25 տարի առաջ»,- հայտարարել է Վաշինգտոնի Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցու նախկին հոգևորական Վրթանես Քալայջյանը:
Ռիչմոնդի բնակիչ Մերի Ան Քերնեկլյանն ասել է. «Պատմությունը կրկնվում է. այն, ինչ տեղի ունեցավ իմ նախնիների հետ պատմական Հայաստանում, հետագայում կրկվել է Բաքվում»:
Նշենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Նախագծի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերից սկսած պատրաստվել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր: Նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին:
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ ևս: Բաքվի հայերի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որն ընդգրկում է նշված ֆիլմի ցուցադրությունը, անցկացվելու է ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, ֆիլմի սցենարի համահեղինակ, ռեժիսոր Մարինա Գրիգորյանը ավելի վաղ նշել էր, որ Բաքվում հայերի ցեղասպանությունը մնում է մեր տարածաշրջանի մութ էջերից մեկը, այդ ժամանակաշրջանում իրականացված անհայտ էջերից մեկը:
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի համար, ըստ նրա, հիմք է ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցը, որոնց նկարահանումն անցկացվել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Վկայություններն ամբողջությամբ տպագրվելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:
Մ. Գրիգորյանի ներկայացմամբ, ֆիլմի կոնցեպտուալ գաղափարը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունների և Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անքակտելի կապն է: «Փախստականներից գրեթե բոլորն ընդգծում էին, որ իրենց նախնիներն Արևմտյան Հայաստանից են, Արցախից են: Այսինքն նրանց նախնիներն էլ վերապրել են ցեղասպությունը, դարձել են փախստական»,- նշեցլ էր նա՝ հավելելով, որ փախստականների հուշերը` դարասկզբին Արևմտյան Հայաստանում կոտորածի ենթարկված նախնիների մասին, վկայում են Ադրբեջանի կողմից Թուրքիայի վարած քաղաքականության որդեգրման և հայ ժողովրդի դեմ իրականացված, մի ամբողջ դար ձգվող ցեղասպանության շարունակականության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան