Ջրաբան. Հայաստանի որոշ շրջաններում հողերը ոռոգում են կոյուղու ջրով
«Մենք շատ ջուր ունենք՝ և ոռոգման, և խմելու, սակայն չունենք ջրային, նաև հողային տնտեսության ճիշտ կառավարման քաղաքականություն և մշակույթ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը:
Ըստ նրա, այդ քաղաքականության բացակայության պայմաններում ջուրը ճիշտ չի օգտագործվում. «Այս ամենը բերում է նրան, որ Հայաստանի որոշ շրջաններում ոռոգման ջուր չկա: Մարդիկ իրենց հողերը ջրում են կոյուղու ջրով: Մեզ գյուղացիներն են ցույց տվել, թե ինչպես են կոյուղու խողովակը ծակել ու այդտեղի ջրով իրենց հողերը ջրել»:
Ջրաբանի խոսքով, հաճախ է հնչում, որ ձմերուկը կամ բանջարեղենն ունի ձկան համ. «Ձկնաբուծարանների ջուրն օգտագործելուց հետո հետադարձ ջրերն ուղարկում են ջրանցքներ կամ գետեր: Բայց չէ որ այդ ջրով ոռոգում է իրականացվում: Ձկնաբուծարանները պետք է հետադարձ ջուրը մաքրեն նոր վերադարձնեն: Բացի այդ, այդ ձկներին կեր են տալիս, հակաբիոտիկներ, որը բանջարեղենի միջոցով հասնում է մեզ»:
Ասուլիսին ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց. «Այդ ամենը անհետևանք չի մնում: Չեմ կարող պնդել, բայց միգուցե վերջին շրջանում աղիքային ինֆեկցիայի այսքան դեպքերը այս ամենի հետևանք է»:
Ք. Հովհաննիսյանը նաև նշեց, որ պետք է կարգի բերել ոռոգման բաշխիչ ցանցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան