Առաջիկա հինգ տարիներին ԵՊՀ վարձավճարները չեն բարձրանա. ԵՊՀ ռեկտոր
«Քվերակության արդյունքները խոսում են դրա մասին, որ վստահություն ունեմ, հպարտ եմ դրա համար: Բայց դա նաև շատ պարտավորեցնող է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ վերընտրված ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 30-ը կողմ են քվեարկել իրեն, իսկ խորհրդի մյուս երկու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ գտնվում են արտասահմանյան գործուղման մեջ:
«Այս վստահությունը նաև իմ կողքին աշխատող թիմի շնորհիվ է»,-ընդգծեց Ա. Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե ինչու այլ թեկնածուներ չկային, նա նշեց, որ դա չի կարող մեկնաբանել. «Ազատ մրցույթ էր, ովքեր ցանկանում էին կարող էին իրենց թեկնածություններն առաջադրել, սակայն ինչու չի եղել, չեմ կարող ասել»:
Անդրադառնալով հետագա աշխատանքային ծրագրերին նա նշեց, որ այս տարի ավարտվում է իրենց ռազմավարական ծրագրի հինգերորդ տարին, և մինչև արձակուրդ կմշակեն նոր ռազմավարական ծրագրի նախագիծ:
«Մեր նպատակը հետևյալն է՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է զարգացնենք ուսանողակենտրոն ուսուցումը: Լուրջ անելիքներ ունենք մագիստրոսական ծրագրերը զարգացնելու ուղղությամբ: Պետք է լինենք հետազոտական համալսարան: Պետք է ստեղծենք չորս նոր լաբորատորիաներ, որտեղ հենց ուսանողներն ու ասպիրանտներն են աշխատելու»,-նշեց ռեկտորը՝ ավելացնելով, որ պետք է քաջալերեն ոչ միայն դասախոսների և գիտական աշխատողների աշխատանքները, այլև ուսանողների և ասպիրանտների:
ԵՊՀ ռեկտորը խոսեց նաև բուհերի միջև մրցակցությունից: Ըստ նրա, մրցակցությունը բուհերի միջև դժվար բան է, բայց նաև խթանում է ճիշտ աշխատելուն:
Լրագրողների հարցին, թե արդյոք առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում վարձավճարների բարձրացում, նա պատասխանեց, որ չի լինի:
Ինչ վերաբերում է կոռուպցիային՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ արմատախիլ անել ամբողջությամբ հնարավոր չէ, սակայն զսպել հնարավոր է:
Նախորդող հրապարակում՝
Մայր բուհը կշարունակի ղեկավարել Արամ Սիմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա