Կառավարության նոր վիճահարույց օրենքը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ Հայաստանը պետական պարտք սկսել է ներգրավվել 1993թ-ից՝ սկզբից արտաքին աղբյուրներից, իսկ 1995թ-ից սկսած՝ ներքին աղբյուրներից: Չնայած այս հանգամանքին, ըստ նրա, օրենքն ընդունվել է 2008 թվականին և ընդամենը մեկ անգամ է փոփոխության ենթարկվել:
Ա.Ջանջուղազյանի խոսքերով՝ թեև ներկա օրենքը լավն է, սակայն կատարյալ չէ, և որոշակի փոփոխությունների անհրաժեշտության կարիք կա, ուստի առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում։
Ըստ նրա՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական պարտքի հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: «Oրենքի մի շարք հոդվածներով նախատեսված սահմանափակումները վերաբերում են պետական պարտքին, մինչդեռ կարգավորումներն առնչվում են բյուջետային գործընթացին: Պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափի նախատեսմամբ կարելի է կարգավորել միայն կառավարության կողմից պարտքային նոր պարտավորությունների ներգրավման հնարավորությունը»,- նշեց Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետը հստակեցրեց, որ «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է պետական պարտքը, իսկ 5-րդ հոդվածի համաձայն պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրութամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: «Պետական բյուջեի դիֆիցիտի առավելագույն սահմանաչափի կանխատեսմամբ կարելի է կանխարգելել, ըստ էության, կառավարության կողմից նոր պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Այս առումով տրամաբանական է, որ սահմանափակումը ևս կիրառվի կառավարության պարտքի նկատմամբ»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան Ա.Ջանջուղազյանը հայտնեց, որ այսօր Հայաստանում դեֆոլտի ռիսկ չունի: «Եթե մենք դեֆոլտի թեկուզ փոքր նշույլ ռիսկ ունենայինք, ոչ մի պարագայում եվրապարտատոմսեր չէինք կարողանա տեղաբաշխել»,- նշեց գլխավոր գանձապետը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հարցրեց, թե արդյոք կառավարությունում էլ է նման հիմնավորումներով օրենքը հաստատվել: Ըստ Ա.Մանուկյանի՝ այս նախագծով փորձ է արվում նոր պարտք ներգրավել:
«Եթե ֆռռացնելու եք, ավելի լավ է, անկեղծ եղեք, ասեք, որ ֆինանսական ծանր պրոբլեմ կա, եթե պարտքը չվերցնենք, ավելի ծանր է լինելու: Իսկապես սա բովանդակություն է, ոչ թե տերմիններ: Չի կարելի ազնիվ չլինել և ասել, որ սա այս բաների համար ենք բերել. Բայց պարզ չէ՞, որ պարտքն ավելացնելու համար եք բերել: Պարոն Ջանջուղազյան, մեր նկատմամբ հարգանք ունեցեք, ասեք, որ օրենքի նախագծի իմաստը ուրիշ է»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ա. Ջանուղազյանի խոսքերով՝ կառավարության պարտքը դեռ չի հասել ՀՆԱ-ի հետ 60 տոկոսի սահմանաչափին: «Եթե դուք կանխատեսում եք, որ այս տարի մենք 1.5 մլրդ դոլար պարտք կվերցնենք, կամ մեր ՀՆԱ-ն այնքան է անկում ապրելու, որ մենք 60 տոկոս սահամանաչափն ենք ունենալու, կարող է այդպիսի բան լինել, բայց մենք նման նպատակ չունենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե Կառավարությունը նպատակ չունի նոր պարտք ներգրավել, Ա.Ջանջուղազյանն ասաց, որ եթե նման նպատակ ունենային, ապա կբերեին այլ նախաձեռնություն: «Նման հարց չի քննարկվում: Ներկայացված նախագծով հստակեցնում են կառավարության կողմից ստանձնած պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները»,- ասաց գլխավոր գանձապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները