Կառավարությունը բոլոր աշխատող մարդկանց հետ հավասար փայատեր է. Հակոբ Հակոբյան
«Ես երեկ հայտարարեցի, որ դեմ եմ քվեարկելու: Կողմ կքվեարկեմ, եթե կառավարությունը որոշ միջոցառումներ ձեռնարկի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին դեմ քվեարկել:
Հարցին, թե ի՞նչ վտանգներ նկատեց նախագծում, որ դեմ քվեարկեց, Հ.Հակոբյանը նշեց, որ այնտեղ, որտեղ հարկը կարելի է ավելացնել, ուրեմն՝ կարելի է, որտեղ չի կարելի, ուրեմն չի կարելի:
«Ես տեսնում եմ հետևյալ վտանգները, որ այս օրենքը աղքատության շեմից քիչ վերև ապրող մեր քաղաքացիներին ուղղակի կտանի, կհասցնի աղքատության շեմին: Ես բաց հայտարարեցի, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված մենք դեռ չենք կարող այսօր հստակ գնահատել, թե մեր աղքատությունն ի՞նչ ձև և չափ կընդունի, հիմա էլ դրան սա կգումարվի: Որպեսզի աղքատության շեմի հետ մենք չունենանք լուրջ պրոբլեմներ, այս օրենքի նախագիծը, ես կարծում եմ, ժամանակին չէր»,- ասաց Հ. Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ այն վտանգավոր օրենք է. «Մեկ այլ խնդիր է ՝վերանայել օրենքի նախագիծը: Այո, դու մարդկանց կարող ես ասել, որ ծխախոտը թանկացնում եմ, դու քիչ գումար ունես, մի ծխիր, օղին թանկացնում եմ, եթե փող չունես, կարող ես օղի չխմել, բայց չենք կարող ասել, եթե դու քիչ գումար ունես, քո աշխատանքային գործունեության համար թանկ գազ կամ բենզին գնի: Սա չենք կարող ասել, առավել ևս մեր երկրում, երբ մարդկանց 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ»:
Դիտարկմանը, թե Կառավարությունն անընդհատ նման վիճահարույց օրենքներ է բերում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե կառավարության գործունեությունը այնքան էլ լավ չեն պատկերացնում. «Կառավարությունը հենց նրա համար է, որ կարողանա աշխատողներից, ստեղծողներից ստանա իր մասնաբաժինը, քանի որ կառավարությունը բոլոր աշխատող մարդկանց հետ հավասար փայատեր է` արդյունքը կիսելու հարցում»:
Ըստ Հ.Հակոբյանի՝ Կառավարության նպատակն է պետական բյուջե ավելի շատ գումարներ մուտք անել, որպեսզի դրանք հետագայում ուղղի սոցիալական, տնտեսական ոլորտներին:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
«Ակցիզային հարկի» մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. Վախթանգ Միրումյան
«ԵՏՄ-ՄԵՏՄ չկա». Հակոբ Հակոբյան (տեսանյութ)
Դուք օրուգիշեր քնում, արթնանում եք, մտածում եք, քամե՞ք էս ժողովրդին. Ուրիխանյանը` փոխնախարարին (տեսանյութ)
Ասում եք, որ ազդեցություն չի ունենա, բա մարդիկ ինչո՞ւ են սարսափած. Էդմոն Մարուքյան
Հայաստանում բենզինը, օղին և ծխախոտը կթանկանան