«Հայփոստ»-ի մասնավորեցմանը վերաբերող օրինագիծն ընդունվեց
Այսօր շարունակվող Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները` 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին «Հայփոստ»-ին վերաբերող Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք` նախագծով առաջարկվում է «Հայփոստ» ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ենթակա կառույցների ցանկի մեջ` դրա «գործունեության հետագա բարելավման և արդիականացման համար»:
Մինչև քվեարկությունը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ճիշտ է` իրենք դեմ չեն «Հայփոստի» արդիականացմանը, այս փուլում գտնում են, որ եթե ներառվեց ծրագրի մեջ, ապա Ազգային ժողովը մասնակից չի լինի մասնավորեցման գործընթացին:
«Հետևաբար առաջարկում ենք, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձևավորվի ԱԺ համապատասխան հանձնաժողով բոլոր խմբակցությունների մասնակցությամբ` մասնավորեցման նախապատրաստման և իրականացման համար», -հայտարարեց պատգամավորը` տեղեկացնելով, որ այս պահին իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի ներկայացված նախագծին:
Իր ելույթում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ ազգային նշանակություն ունեցող կազմակերպությունները` ավիաուղիներ, փոստային ծառայություն, տրվում են կառավարման այն մարդկանց, ում ազգանունը հայկական չէ:
«Չգիտեմ` Բիբին է, ինչ է, օտար անուն-ազգանունով մարդ է, որին կարող եք մի օր հրավիրել Ազգային ժողով, և նա հրաժարվի գալ ու հաշվետվություն տալ խորհրդարանին: Դա բնական է, որովհետև մենք օտարել ենք ու մեր իրավունքներից հրաժարվել: Նույնն է կատարվում նաև «Հայփոստ»-ի հետ: Սա շատ վտանգավոր գործընթաց է, ծառայությունները կթանկանան», հայտարարեց Փոստանջյանը` տեղեկացնելով, որ դեմ են իրենք այս նախագծին:
Նախագծին դեմ է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը, քանի որ, ինչպես պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, իրենց համար «անընդունելի է, որ ռազմավարական կարևորագույն նշանակության տարբեր ոլորտներ փորձենք ապապետականացնել»:
Դեմ էին նաև Հայ Ազգային կոնգրես ու Դաշնակցություն խմբակցությունները:
Նախորդող հրապարակումներ`
Երկրի վիճակը վատ է, բայց պետական գույքը վաճառելով դարման չենք անի վերքերին. Գագիկ Ջհանգիրյան
Եկեք Սևանն էլ մասնավորեցնենք, դուրս գանք դեպի Խաղաղ օվկիանոս. Նաիրա Զոհրաբյանը` Արման Սահակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները