Լեռնապատ համայնքը նորակառույց ամբուլատորիա ունի (լուսանկարներ)
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչների բժշկական օգնությունն այսուհետ կկազմակերպվի նորակառույց ամբուլատորիայում:
«Նոր ամբուլատորիան ամբողջովին նոր շինություն է` հագեցած նորագույն սարքավորումներով: Այսօր մենք նաև որոշ քանակությամբ հումանիտար դեղորայքով ենք ապահովել, ինչպես նաև տեղում ծանոթացել ՀՀ կառավարության կողմից երաշխավորված և հաջողությամբ իրականացվող ծրագրերին»,- լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով ներկա է եղել ամբուլատորիայի բացմանը:
ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2014 թվականին տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է ևս 5 համայնքային ամբուլատորիա, որոնց թվում է նաև Լոռու մարզի Ուռուտ գյուղի ամբուլատորիան:
Բուժանձնակազմի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ և անվճար հատկացվող դեղերի ապահովվածությամբ:
Նախարարն անդրադարձել է նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին:
Արմեն Մուրադյանը կարևորել է դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում:
Առողջապահության նախարարը զրուցել է Լեռնապատի բնակիչների հետ` վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության առողջությունը պահպանելու ուղղությամբ:
Նախարարության կողմից ամբուլատորիային փոխանցվել է մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ:
Լեռնապատի առողջության կենտրոնը սպասարկում է Լեռնապատ համայնքի շուրջ 2000 ազգաբնակչության: Համայնքն ընդգրկվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման թիվ 7987-ԱՄ վարկային ծրագրում: 2006թ. Լեռնապատի ԱԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Ծրագրի շրջանակում ԱԿ-ի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Լեռնապատ համայնքում բուժօգնության ծառայություններ մատուցվում էին 1988թ. երկրաշարժից հետո, անմիջապես հողի վրա տեղադրված իտալական վագոն-տնակում, որը զբաղեցնում էր շուրջ 210 մ2 տարածք: Տնակի մի մասը չէր օգտագործվում, քայքայված հատակի և տանիքի կաթոցների պատճառով:
Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:
Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի ապրիլին: 2015թ. ընթացքում ամբուլատորիան համալրվել է նաև կահույքով: Ընդհանուր առմամբ, Լեռնապատ համայնքում ներդրվել է շուրջ 51 մլն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում