Ֆինանսական ճգնաժամն ազդել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի վրա
Ֆինանսական ճգնաժամն ազդել է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի վրա, մասնավորապես՝ տևողությունը կրճատվել է երկու օրով. մեկնարկն այսօր է, ավարտը՝ հունիսի 26-ին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փառատոնի տնօրեն Նիկիտա Միխալկովը պարզաբանել է, որ ամենամեծը ապրելու, սնվելու, տրանսպորտի, սպասարկման և կինոսեանսների ծախսերն են:
«Փառատոնի տևողությունը կրճատվել է 2 օրով: Դա լուրջ տնտեսում է և հնարավորություն տեղավորվելու նոր բյուջեի մեջ»,-նշել է Միխալկովը:
Միաժամանակ նա հավելել է, որ փառատոնի բոլոր հիմնական ծրագրերը կպահպանվեն. «Ինչն է ինձ առավել կարևոր թվում. մենք հասել ենք նրան, որ փառատոնի ընթացքում կարելի է ցուցադրել ֆիլմեր, որոնք չունեն վարձույթի արտոնագիր: Փառատոնը լաբորատորիա է, պետք է հնարավորություն տրվի ավելի շատը տեսնել: Այլ հարց է, երբ խոսքը գնում է վարձույթի մասին. Այդ հարցը լուծում են մշակույթի նախարարությունը և այլ կազմակերպություններ»:
Նշենք, որ փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 12 ֆիլմ՝ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Իրանից, Ղազախստանից և Լիբանանից:
Կազմակերպիչները ցավով են նշել, որ Ամերիկայի երկրներից որևէ ֆիմ ներկայացված չէ, բայց, նրանց կարծիքով, այս բացը լրացնում է արգենտինական կինոյի մեծ ծրագիրը:
«Ընդհանուր առմամբ, փառատոնը մնում է միջազգային»,- ընդգծել է ընտրական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Պլախովը:
Հիմնական ծրագրին զուգահեռ լինելու է նաև վավերագրական կինոյի և կարճամետրաժ աշխատանքների մրցույթ:
Նշենք, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և կամփոփվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը: «Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան), «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի և Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը:
«Ռուսական հետք» արտամրցութային ծրագրում կցուցադրվի Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ ֆիլմը:
Նախորդող հրապարակում
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում