«Ակցիզային հարկի» մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց «Ակցիզային հարկի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով նախատեսվում է 10%-ով բարձրացնել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը: Խոսքը առաջին հերթին ծխախոտի և օղու արտադրության համար սահմանված ակցիազային հարկի դրույքաչափի մասին է:
Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
«Մենք գտնում ենք, որ այս լարված ժամանակահատվածում սպառողական շուկայում նոր ցնցումներ առաջացնելը տեղին չէ: Մենք դեմ ենք այս օրինագծին», -ասաց Մ.Մելքումյանը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ նույնիսկ խոր հավատ տածելու դեպքում չի կարելի այս նախագիծը թողնել երկրորդ ընթերցում, քանի որ այս օրենքը կործանարար է և կոչ արեց դեմ քվեարկել:
«Ոչինչ կործանարար չի կարող լինել, քանի որ մենք քննարկելու ժամանակ ունենք»,- պատգամավորի դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենց համար նույնպես օրինագիծը ընդունելի չէ և կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:
«Քանի որ այս նախագծում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու 2016թ-ին, ուստի առաջարկում ենք, որ առաջին ընթերցմամբ չընդունենք, միայն վերանայելուց հետո այն քվերարկության դնենք»,- նշեց նա և ՀՀԿ-ին նույնպես կոչ արեց դեմ քվեարկել:
Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք էլ են տեսնում՝ օրենքը հիմնավորումների կարիք ունի, դրա համար, ըստ նրա, ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը, իսկ աշնանը քննարկումների արդյունքում լրամշակել:
ՕԵԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի պատգամավորները վերանայեն իրենց որոշումները:
Ընդմիջումից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրինագիծը: Կողմ քվեարկեց 56, դեմ՝ 38, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. Վախթանգ Միրումյան
«ԵՏՄ-ՄԵՏՄ չկա». Հակոբ Հակոբյան (տեսանյութ)
Դուք օրուգիշեր քնում, արթնանում եք, մտածում եք, քամե՞ք էս ժողովրդին. Ուրիխանյանը` փոխնախարարին (տեսանյութ)
Ասում եք, որ ազդեցություն չի ունենա, բա մարդիկ ինչո՞ւ են սարսափած. Էդմոն Մարուքյան
Հայաստանում բենզինը, օղին և ծխախոտը կթանկանան