Գործարար պատգամավորները դեմ են քվեարկել ակցիզային հարկը բարձրացնող օրինագծին (լուսանկար)
Էլեկտրաէներգիայի թանկացման համատեքստում որոշ ապրանքատեսակների թանկացում ենթադրող կառավարության կողմից «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին դեմ էին ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլ նաև Հանրապետական խմբակցության այնպիսի անդամներ, որոնք տիրապետում են որոշ բիզնեսների:
Հիշեցնենք` «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրինագծով նախատեսվում են ակցիզային հարկի նոր դրույքաչափեր ակցիզավորման ենթակա որոշ ապրանքատեսակների համար: Այդպիսի ապրանքատեսակներ են մասնավորապես, օղին, ծխախոտը, բենզինը, դիզելային վառելիքը, նաև սեղմած գազը:
Այսօր խորհրդարանում վիճահարույց օրինագծին դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ, արթիկցի գործարար Մուշեղ Պետոյանը (ըստ որոշ տեղեկությունների, ունի քարհանքներ, գազալցակայաններ), Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) և Արայիկ Գրիգորյանը, որը հայտնի է որպես Ավշարի գինու գործարանի հիմնադիր: Ի դեպ, «Սփյուռ» տեղեկատվական համակարգում որպես Ավշարի գինու գործարան ընկերության ղեկավար գրանցված է հենց Արայիկ Գրիգորյանը:
ԱԺ նիստերի դահլիճում ներկա են եղել, բայց չեն քվեարկել մի քանի խոշոր բիզնեսի տիրապետող այնպիսի պատգամավորներ, ինչպիսին են Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո, «Ալեքս Գրիգ» ընկերությունը, ինչպես նաև «Երևան սիթի» խանութների ցանցը պատկանում է այս պատգամավորին), Վարդան Այվազյանը (որոշ հանքերի սեփականատեր է), Նահապետ Գևորգյանը (Նովո, ըստ որոշ տեղեկությունների Արմավիրի ավազի հանքերը նրան են պատկանում, զբաղվում է ջերմոցային բիզնեսով ): Չեն քվեարկել նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), որը ունի գազալցակայաններ, Վրեժ Մարկոսյանը, ով «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեն է և Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ, ունի ռեստորանային համալիր):
Լուսանկարները` «Aravot.am»-ի: