«Իրանի ազգային շահերը պահանջում են արգելել մուտքը մեր ռազմական հաստատություններ»
«Իրանի ազգային շահերը պահանջում են օտարներին թույլ չտալ մուտք գործել մեր ռազմական հաստատություններ»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն օրերս հայտարարեց, որ եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա համաձայն կից արձանագրության՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է կասկած հարուցող բոլոր հաստատությունները մուտք գործելու թույլտվություն ստանան և այնտեղ ստուգումներ իրականացնեն:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Օտարերկրացիների կողմից մեր ռազմական հաստատություններ մուտքն արգելված է: Իրանի ազգային շահերը պահանջում են օտարներին չթույլատրել մուտք գործել մեր ռազմական հաստատություններ: Բոլորս պետք է այդ կարմիր գծի հարցում ուշադիր լինենք»:
Հավելենք, որ նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցներում առկա մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը կեղծել են, և այն պնդումները, թե միջուկային ծրագիրն ունի ռազմական ուղղվածություն, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»: