«Հո одинокий волк չի՞». Շուշան Պետրոսյանը և Մանվել Գրիգորյանը չհասկացան իրար
Այսօր Ազգային ժողովում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ Շուշան Պետրոսյանը և գեներալ Մանվել Գրիգորյանը չհասկացան իրար:
Երգչուհի պատգամավորը հարցը ներկայացնող հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին թեմայից դուրս այլ հարց ուղղեց: Նա փոխնախարարին ասաց, որ իրեն հայտնի է երկու դեպք, երկուսն էլ չունեն ապացույց, որ արցախյան ազատամարտի մասնակից են:
«Մերժել են նրանց շատ-շատ հնարավորություններից, որոնցից օգտվում են պատերազմի մասնակիցները: Ինչ եք կարծում` ինչպես կարելի է այս մարդկանց օգնել այն պարագայում, երբ որևէ ապացույց չկա, որ մասնակցել են պատերազմին, բայց կան ընկերներ, որոնք կարող են վկայել, որ նրանք եղել են նույն ջոկատից»,-հետաքրքրվեց Պետրոսյանը:
Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ այդ հարցերով զբաղվում է միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահն է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և հանձնաժողովի կազմում կան պատերազմի ակտիվ մասնակիցներ, ովքեր իրենց վկայություններով փաստում են նրանց մասնակցությունը։
«Էստեղ որևիցե առումով կաշկանդվածության խնդիր չկա և հնարավոր է, որ մարդիկ լինեն, վկայեն որ տվյալ անձը մասնակցել է պատերազմին ու խնդիրը դրական լուծում ստանա: Հանձնաժողովի որոշում ընդունելու մեխանիզմը բավականին ճկուն է և նա ունի լիազորություն որոշում կայացնել», -հավելեց փոխնախարարը:
Շուշան Պետրոսյանը շարունակեց թեման և ասաց, որ «պատերազմին մասնակցած հայ տղամարդը կաշկանդվում է և զարմանում` ոնց պետք է ապացույց ներկայացնեմ, թե մասնակցել եմ պատերազմին» և Նազարյանին խնդրեց մոտեցում ցուցաբերել:
Պատգամավորի այս խոսքին միջամտեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը և տեղից հայտարարեց, որ «սաղ ջոկատները բանակում համակարգվում են»:
«Հո одинокий волк չի՞, կան ընկերներ, հո սաղ չեն կորել»,-հայտարարեց Գրիգորյանը:
«Одинокий волк-ի մասին չէ խոսքը, պարոն գեներալ»,-նեղսրտեց Պետրոսյանը:
Արա Նազարյանը խոստացավ, որ կփորձեն լուծել հարցը և թեման փակվեց:
Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ԵԿՄ կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելու սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը։ Նազարյանը բացատրեց, որ խնդիրն այն է, որ ԵԿՄ կարգավիճակ ստանալու համար դիմումները պետական լիազոր մարմնին պետք է հանձնվեին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից՝ մեկ տարվա ընթացքում, իսկ նշված հանձնաժողովը ստեղծվել է կառավարության կողմից 2014 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են