«Մենք մեր զինվորի կողքին ենք». 361 ընտանիք նյութական աջակցություն կստանա
Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: Երկրորդ անգամ սուրբ Սարգիս տոնի առթիվ այս տարի հանգանակվել է 50 միլիոն դրամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Մենք շփվում ենք սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, փորձում հնարավորության սահմաններում օգնել նրանց: «Մենք մեր զինվորի կողքին» ծրագիրը աննախադեպ էր իր տեսակով և չափերով, մարդկանց օգնելու, նյութապես աջակից լինելու ևս մեկ հնարավորություն է: Հանգանակությանը մասնակցողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվի»,- ասաց նա:
Թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի խոսքով, հավաքված գումարը բաշխվելու է 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հակառակորդի գնդակից շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին, ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամներին, նաև ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին: Բաշխվելու է 361 ընտանիքի՝ Արարատի մարզից և Երևանից, քանի որ Արարատյան Հայրապետական թեմն ընդգրկում է Երևան քաղաքն ու Արարատի մարզը:
Հունիսի 23-ին տեղի կունենա ծրագրի մեկնարկային միջոցառումը: Կկատարվի հոգեհանագստի կարգ զոհվածների ընտանիքների մասնակցությամբ: Շ. Պետրոսյանի ներկայացմամբ, զոհված զինծառայողների ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրվելու է 350 հազարական դրամ, I-ին խմբի զինհաշմանդամներից յուրաքանչյուրին՝ 160 հազարական դրամ, II խմբի զինհաշմանդամներին՝ 130 հազարական դրամ, III խմբի զինհաշմանդամներին՝ 100 հազարական դրամ: Օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի Ս.Սարգիս տոնին: Նախորդ տարի ևս հանգանակվել է 50 միլիոն դրամ, որը բաշխվել է 301 ընտանիքի:
Թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանն ասաց, որ ծրագրի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել հայրենիքի պահապաններին:
Տեր Եսայիի խոսքով, մեր զիվորը պետք է միշտ մեր ուշադրության կենտրոնում լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները