Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վարդան Պետրոսյանի գործով տուժողների բողոքը
Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի 18 հատորանոց բողոքը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Տուժող կողմը մինչ այդ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, և Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և պատժի մասով, և հայցի մասով: Մասնավորապես հայցի մասով տուժող կողմը պահանջում է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ամբողջությամբ բավարարելով տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
«Դիմել ենք վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով մեր դատական պրակտիկան, կարծում եմ՝ չեն ընդունի: Կընդունեն, թե չեն ընդունի մեր բողոքը, հարցի երկրորդ կողմն է: Դա մեր առաջնային խնդիրը չէ: Մեր առաջնային խնդիրն այն է, որ բոլոր դատական ատյանները սպառենք ու դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ երիտասարդ աղջկա նկատմամբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները կոպիտ խախտումներ են կատարել՝ հանցագործության պատճառած վնասի փոխհատուցման հայցը քննության չեն առել, որի իրավունքը չունեին: Դա Տաթևիկ Հակոբյանի իրավունքների կոպիտ ոտնահարում է, պարտավոր էին քննության առնել»,- Panorama.am-ին ասել էր տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել էր առանց քննության: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
«Ի՞նչ եռակողմ պայմանագիր». Վարդան Պետրոսյանի փաստաբանը հակադարձում է Ռուբեն Բալոյանին
Դերասան Վարդան Պետրոսյանի առաջարկը տուժող կողմն ընդունել է. Փաստաբան
Տուժող կողմի ներկայացուցիչ. «Վարդան Պետրոսյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ բուժման կուրսեր կանցնի Տաթևիկ Հակոբյանը»