«Տարբեր վիքիմեդիաները «Վիքիմեդիա Հայաստան»-ից սովորելու բան ունեն»
«Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդ տպավորված է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ ծավալած գործունեությամբ, իրականացրած նախագծերով:
««Վիքիմեդիա Հայաստան»-նն ասում է, որ սովորելու բան ունի այլ վիքիմեդիաներից, բայց, կարծում եմ, ուրիշ վիքիմեդիաները շատ բան ունեն սովորելու հայկական վիքիմեդիայից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Յան Բարտ դե Վրիդը:
Ըստ նրա, այլ վիքիմեդիաների համար օրինակ կարող է ծառայել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի կողմից իրականացված «Վիքի ճամբար», «Վիքի ակումբ», «Մեկ հայ, մեկ հոդված» նախագծերը:
Այսօր Երևանում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի գլխավոր գրասենյակը:
«Վիքիմեդիա Հայաստան» գլխավոր գրասենյակի վերանորոգման և տեխնիկապես զինման աշխատանքներն իրականացրել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը հիմնել է Արթուր Ջանիբեկյանը: Այս հիմնադրամը ոչ միայն այս գրասենյակի բացման աշխատանքներն է իրականացնել, նաև վերջին երկու տարվա ընթացքում մեկնարկել և հովանավորել է մի շարք վիքի նախագծեր»,- ասաց հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով, «Վիքիմեդիա Հայաստան»-ի կողմից իրականացված «Մեկ հայ, մեկ հոդված» նախագիծը բավական հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում. «Այս, ինչպես նաև մյուս նախագծերին՝ «Վիքիճամբար», «Վիքիակումբ», անդրադարձել են համաշխարհային տարբեր լրատվամիջոցներ»:
Հ. Հակոբյանի խոսքով, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի միջև համագործակցությունը բավականին լայն շրջանակներ է ներառում. ոչ միայն նյութական բավական մեծ աջակցություն, որի արդյունքն է տարբեր քաղաքներում «Վիքիակումբներ», «Վիքիճամբարներ» կազմակերպում, Երևանում գլխավոր գրասենյակի բացում, որոնց արդյունքն է հարյուր հազարավոր հոդվածներն ու հայերեն «Վիքիպեդիայի» մի քանի հորիզոնականով բարձրացումը համաշխարհային «Վիքիպեդիայի» հարությունում, այլ նաև ինտելեկտուալ աջակցություն:
«Իմ կողմից ներկայացված նախագծերն ընդհանրապես լրիվ նոր են «Վիքիպեդիայում»,- նշեց Հ. Հակոբյանը:
Այսօրվա դրությամբ հայկական «Վիքիպեդիայում» կա 170 հազարից ավելի հոդված:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով, այսօր մոտ 40 հազար գրանցված խմբագիր կա:
«Ցեղասպանության ոլորտը լավ ներկայացված է: Աշխատել ենք այլ լեզուներով «Վիքիպեդիաների» հետ: Ապրիլի 24-ին բազմաթիվ «Վիքիպեդիաներում» գլխավոր էջում Հայոց ցեղասպանության մասին հոդվածն էր: Այն հոդվածները, որոնք մենք կարևորում են, ներկայացնում ենք համապատասախան «Վիքիմեդիա» կազմակերություններին, իրենք թարգմանում են»,- ասաց Ս.Մկրտչյանը:
Նախորդող հրապարակում՝
Նախագահը ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները