«Ես չունեմ անձնական հարցեր կրթական համակարգում». Արմեն Աշոտյան
«Որպես լիազոր մարմնի ղեկավար իմ ուշադրության կենտրոնում էր գործընթացի օրինականությունը: Իմ գնահատականը ես պարտավոր եմ տալ բացառապես գործընթացի կազմակերպման, իրականացման իրավաչափության և օրինականության հետ կապված: Ուզում եմ ասել, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության գործընթացը իրականացվել է լրատվամիջոցների ուշադրության ներքո՝ բաց նիստի ընթացքում՝ պահպանելով Հայաստանի օրենսդրության և պոլիտեխնիկի կանոնադրության բոլոր համապատասխան դրույթները»,-ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարը նշեց, որ չի ուզում մեկնաբանել քվեարկության արդյունքները. «Դա կարևոր չէ: Ավելի կարևոր է, որ բուհի ողջ համակազմը՝ դասախոսները, ուսանողները համապատասխան ներուժ գտնեն իրենց մեջ և միասին շարունակեն բուհի զարգացման գործընթացը՝ հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերներ, որ բուհական համակարգի առջև են ծառացած»:
Նա ընդգծեց, որ նախարարությունը միշտ կանգնած է եղել բոլոր բուհերի՝ մասնավորապես Պոլիտեխնիկի կողքին. «Որպես ՀՀ կրթության և գիտության նախարար նիստին հանդես եմ եկել իբրև խորհրդի անդամ: Պոլիտեխնիկի կանոնադրությամբ՝ խորհրդի բոլոր անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալ ընտրությունների ժամանակ, և բացահայտ հայտնելու իրենց տեսակետը: Ես դիվանագիտական հնարքներ օգտագործեցի, ես շատ ավելի գեղեցիկ արեցի, ոչ թե ուղիղ խոսքով: Եթե կարծում եք, որ իմ տեսակետը կարող էր կողմնորոշել չկողմնորոշված մարդկանց, շնորհակալ եմ: Ես չունեմ անձնական հարցեր կրթական համակարգում: Անձնական հարցերը ես լուծում եմ կրթական համակարգից դուրս»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան