ԵՏՄ անդամ երկրներում ռոումինգը կդառնա անվճար
ԵՏՄ երկրների բջջային օպերատորները մինչև հոկտեմբերի 1-ը պետք է պատաստեն և ներկայացնեն զրոյական սակագներով ռոումինգի անցնելու վերաբերյալ ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի պաշտոնական կայքը` Աստանայում կայացած լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման գծով անդամ Նուրլան Ալդարբեգենովը:
«Բջջային օպերատորները պետք է ներկայացնեն սակագների զրոյացման պլանը մինչև հոկտեմբերի 1-ը: Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն ռոումնգի արժեքի նվազեցման ուղղությամբ, հետագայում այն վերացնելու պայմանով, ապա հոկտեմբերից հետո ԵՏՄ և ԵՏՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների կողմից հեռահաղորդակցային ընկերությունների գործունեության լուրջ հետաքննություն կսկսվի»,-հայտարարել է Նուրլան Ալդարբեգենովը:
Վերջինիս խոսքերով` ռոումինգի չեղարկման հարցը ԵՏՄ տարածքում քննարկվում է արդեն 2 տարի: Ինչպես վկայում են ԵՏՀ ուսումնասիրությունները, մի շարք բջջային օպերատորների ռոումինգի ծառայության արժեքը մի քանի անգամ արհեստականորեն բարձրացված է, ինչ հանգեցնում է բաժանորդների կորստի:
«ԵՏՄ երկրներում ռոումինգի միաժամանակյա չեղարկումը կարող է տեղի ունենալ 3 տարվա ընթացքում, գուցե ավելի շուտ»,-նշել է Ալդարբերգենովը: