Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը տնտեսությունում որոշակի լարվածություն կառաջացնի. Վիլեն Խաչատրյան
Տնտեսության բոլոր հատվածները տուժելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից: Այս մասին Panorana.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սակագնի բարձրացումը բերելու է տարբեր ապրանքների ու ծառայությունների թանկացման շղթայական ռեակցիայի:
«Երբ ասում էի, որ 2014 թվականին շատ ավելի լավ ենք ապրել, քան ապրելու ենք 2015 թ-ին, ապա տեսնում ենք, որ իմ կանխատեսումներն իրականություն են դառնում»,- նշեց տնտեսագետը:
Ըստ նրա՝ այս թանկացումը բոլոր ոլորտներում կբերի սպառման ծավալների կրճատման, ինչը տնտեսությունում որոշակի լարվածություն կառաջացնի:
«Կարծում եմ, որ սպառման ծավալները կկրճատվեն մոտ 10 տոկոսվ: Այսինքն, եթե ՀԷՑ-ը ակնկալում է, որ պետք է ունենա 204 մլրդ դրամի հասույթ, բնականաբար, դա այդպես չի լինի: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի մենք նորից կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, ՀԷՑ-ը սակագնի բարձրացման հայտով կրկին կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի նաև նրան, որ մարդիկ կփորձեն իրենց վարքագիծը վերանայել: Այսինքն՝ ավելի զգույշ կլինեն, սպառողները խնայողաբար կօգտագործեն էլեկտրաէներգիան, կսկսեն խնայող լամպեր կիրառել, ծախսերը կրճատեն, և սա, ըստ տնտեսագետի, տանելու է նրան, որ սպառման ծավալների նվազում է գրանցվելու:
Վ.Խաչատրյանը անդրադարձավ նաև ժամային գոտիներին: Տնտեսագետի գնահատմամբ՝ մեզ մոտ նույնիսկ ժամանային գոտիները չեն փոխում ոչ թե այն պատճառով, որ մարդիկ սթրեսի չենթարկվեն, ինչպես որ պատճառաբանում են, այլ՝ որ բնակչությունն էլեկտրաէներգիա շատ սպառի:
«Սովորաբար ժամանային գոտիները փոխվում են նրա համար, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները կրճատվեն, էլեկտրաէներգիան խնայեն, քանի որ երբ արև է՝ մարդիկ նախընտրում են ավելի շուտ արթնանալ, որ ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործեն: Մինչդեռ մեզ մոտ դիտավորյալ հակառակն են արել, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն ավելանան»,-նշեց Վ.Խաչատրյանը:
Այսպիսով, ըստ նրա, մարդկանց բարեկցությունը բարձրացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում: Կառավարությունը, ինչպես Վ.Խաչատրյանն է նշում, ազգաբնակչության հոգսերը թեթևացնող օրինագիծ չի ներկայացնում, բացառություն են կազմում միայն սահմանամերձ գյուղերին տրված արտոնությունները. «Իսկ մնացածը բացասական ազդեցություն են թողնում: Ապրանքների գներն աճում են, բայց մեր աշխատավարձերը չեն բարձրացնում և ապրելն ավելի ու ավելի դժվար է դառնում»:
Նախորդող`
Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել բաշխիչ էլեկտրական ցանցերը