«Երեխեքը սոված են, հերը յոթ ամիս է` նստած է». Արթիկցու գործով վկաները խոպանից չեն գալիս դատարան
Արթիկում հարազատների հետ կերուխումը վատ վերջաբան է ունեցել 32-ամյա Շիրազ Կարապետյանի համար. արդեն յոթ ամիս է` նա կալանավայրում է: Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին ռեստորանում կերուխումից հետո նրա և տեղի հասարակական կարգը պահպանող ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել և այժմ նա կալանավայրում է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կարապետյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2014թ նոյեմբերի 27-ին ժամը 22:00-ի սահմաններում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ Արթիկ քաղաքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Խախտումն արտահայտվել է հասարակության նկատմամբ «բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանների նկատմամաբ բռնություն գործադրելու սպառնալիքով, գույքը վնասելով և ոստիկաններին դիմադրություն ցույց տալով»: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատիկանիշներով:
«Էդ օրը երկու հոգի եկել են, չեն ներկայացել որպես միլիցա, բայց ֆորմա եղել է հագներին` այ տղա, այ տղա են ասել, Շիրազն էլ ասել ա, թե ես քո համար ինչ` այ տղա ու քաշքշուկ է սկսվել, բայց ծեծ չի եղել: Բռնել-տարել փակել են ու ցուցմունքում գրել են, որ կռիվը տևել է կես ժամ` իրանք եղել են 6-7 հոգի միլիցայի անձնակազ, ինքը եղել է մենակ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կատարվածը ներկայացրեց Շիրազ Կարապետյանի հարազատներից մեկը` Գրիշա Կարապետյանը:
Նրա խոսքով, ամեն շաբաթ նշանակված դատական նիստը հետաձգվում է, քանի որ դեպքի ժամանակ տեղում եղած վկաները Հայաստանում չեն` «Ռուսաստանում խոպան են»:
«Հերը պատերազմի հաշմանդամ է, մահացած է, ինքն ունի 3 անչափահաս երեխա, մերը ինվալիդ է, թոշակառու ու սենց արդեն յոթ ամիս է, նստած է: Երեխեքը սոված նստած են: Մարդ չկա մտածող, ընտանիքը պահող չկա: Բացի էդ, էդ ոստիկաններն էլ հիմա ասում են, որ չեն բողոքում», -նկատեց Կարապետյանը:
Նշենք, որ Շիրազ Կարապետյանի գործով դատավարությունն ընթանում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում