Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016թ-ի հունվարի 16-ից
ՀՀ Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտնեց, որ Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի մեկից կտեղափոխվի 2016թ հունվարի 16-ը:
«Հիմնական պատճառը սոցիալական բաղադրիչն է՝ պետության կողմից անապահով խավին թվային ազդանշանի ընդունիչների տրամադրումը: Այդ սարքերի ձեռքբերման համար մեր կողմից հայտարարված մրցույթը տեղի չէր ունեցել, դրա համար երկարացնում ենք ժամկետը»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ թվային ազդանշանի համակարգի կառուցման բոլոր աշխատանքներն ավարտվել են:
«Թվային ազդանշանը անալոգայինին զուգահեռ 98.8 տոկոսով հասանելի են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում»,- ասաց Ա.Առաքելյանը: