Վենետիկի հանձնաժողովը գոհ է Հայաստանում Սահամանդրական բարեփոխումների ընթացքից
Ավարտվել է Վենետիկում ընթացող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 103-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է Հանձնաժողովի Բյուրոյի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Սահմանադրական դատարանի լրատվական ծառայույունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը: Հանձնաժողովի անդամներ Կ. Տուորիի և Գ. Հարությունյանի ներկայացրած հաղորդումներից հետո Լիագումար նիստում արձանագրվել է, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ արդյունավետորեն համագործակցում են Վենետիկի հանձնաժողովի անդամներ պրն Ս. Բարտոլեն (Իտալիա), Ա. Էնդինշը (Լատվիա), Ք. Գրաբենվարտերը (Ավստրիա), Կ. Տուորին (Ֆինլանդիա), Ե. Տանչևը (Բուլղարիա) և տկն Տ. Խաբրիևան (Ռուսաստանի Դաշնություն)՝ որպես Հանձնաժողովի զեկուցողներ:
Ըստ աղբյուրի, Վենետիկի հանձնաժողովը դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն է տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին և երաշխավորել է զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Կ. Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն իսկ քննարկված սահմանադրական փոփոխությունները:
Վենետիկի Հանձնաժողովի նախագահ պրն Ջ. Բուքիքիոն, ամփոփելով քննարկումը, գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքից և ընդգծել է հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ:
Հանձնաժողովի վերջին նիստում` հունիսի 20-ին, քննարկվել է Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից և փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում և, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։
Քննարկումների արդյունքում Հանձնաժողովը հավանություն է տվել Բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում է Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։
Հարակից հրապարակում`
Գագիկ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների հարցով մեկնում է Վենետիկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում