Գառնու ձոր մեքենայով գնացողները ստիպված են վճարել
Գառնու ձորի երկայնքով դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհն անասելի վատն է: Պարզվում է, այդ վատ ճանապարհով մեքենադ քշելու համար ստիպված ես ոմն Շմավոն Համբարձումյանի 1000 դրամ վճարել: Ասում ենք` կվճարենք, բայց հասկանալի ու տրամաբանական պատասխան տվեք` ինչի՞ համար:
50-անց, անհատ ձեռնարկատեր ներկայացող տղամարդը պատասխանում է` եթե ուզում եք, մեքենան թողեք հեռու, ոտքով գնացեք, ձեզանից փող չեմ վերցնի. «Եկել եք հանգստանալու չէ, ուտելիքով, բանով, բարի եղեք վճարեք: Ես ապօրինի բան չեմ անում, հեսա ՀԴՄ կտրոն էլ կտամ»:
Պարզաբանեմ, որ հանգստի գոտու` ցանկապատված տարածքում չենք նստել, եղել ենք գետի ափին մի ծառի տակ, որտեղ ոչ մի տաղավար կամ ծածկ չկար:
Ճանապարհի սկզբում էլ որևէ գրություն կամ ցուցանակ, որ դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը վճարովի է, չկա:
Օրական այդ ճանապարհով երևի մի քանի տասնյակ մեքենա է գնում: Թե ովքեր են անհատ ձեռնարկատերն ու նրա թիկունքը, դժվար է ասել, բայց որ զբաղված են հանրային սեփականությունը հանրությանը վաճառելով ու օդից փող կպցնելով, դա փաստ է:
Լավ կլինի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն փաստին: