«Gazeta.ru». «Գազպրոմը» կօգնի Բաքվին
Եվրոպան հույսը դնում է ադրբեջանական գազի վրա, սակայն Ադրբեջանն արդեն հիմա գազի պակասորդ ունի: «Գազպրոմն» հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանին անհրաժեշտ գազի ծավալներով: Այս մասին գրում է ռուսական «Gazeta.ru»-ն:
Ըստ պարբերականի`շուկայագետները գտնում են, որ այսպես թե այնպես ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա, սակայն առավելագույնը կարող է խոսք գնալ 10 մլրդ. մետր խորանարդ ծավալով գազի մատակարարման մասին, մինչդեռ հաշվարկները ցույց են տալիս, որ 2030թ-ին եվրոպական երկրների գազի սպառման ծավալները կաճեն 100-150 մլրդ. մետր խորանարդով:
Պարբերականը հաղորդում է նաև, որ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ տնտեսական աճի և ներքին սպառման ծավալների աճի հետևանքով Ադրբեջանի գազի սպառման ծավալները աճել են, ինչի առթիվ «Գազպրոմը» պատրաստ է լուծել Ադրբեջան գազի ներմուծման հարցը:
«Չնայած Ադրբեջանում առկա լուրջ գազային պաշարներին` դրանց շահագործման տեմպերն հիմա խիստ դանդաղել են: Դա կապված է ազատ ֆինանսական միջոցների բացակայության հետ»,-պարբերականի փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի նավթ և գազ արդյունաբերողների արտահանման խորհրդի անդամ Էլդար Կասաևը: