Հայերն այստեղ ապրում են բոլորի պես` դժվարությունների դեմ կուրծք տալով. Հայացք Հալեպից
Հալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի հրթիռակոծման հետևանքով վերջին օրերին երկու հայ է զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Զոհված հայերից մեկը Հայաստանի Հայ Ավետարանական Կյանքի «Խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանն է (Ստեփանյան), իսկ մյուսը` հալեպահայ Կարապատ Մկրտչյանը:
Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարապետ Մկրտչյանը միկրոավտոբուս էր վարում, «աշխատասեր մարդ էր ու ապրում էր իր աշխատանքով»:
Ներկայացնելով Հալեպում տիրող իրավիճակը, Ռեիսյանն ասաց, որ «սովորական է, այնպես է, ինչպես միշտ` հրթիռակոծություններ են»:
«Անակնկալ ոչինչ չկա. սովորական իրավիճակ է, ամեն օր կրակում են Հալեպի ուղղությամբ և զոհեր լինում` թե արաբներ, թե հայեր: Այն շրջաններում, որոնք պետության ղեկավարության տակ են, կյանքը շարունակվում է: Հայերն այստեղ ապրում են բոլորին պես` դժվարությունների մեջ, դժվարությունների դեմ կուրծք տալով, տոկալով»,-Հալեպից փոխանցեց պարոն Ռեիսյանը:
Նրա խոսքով, նման իրավիճակի վերջն անորոշ է. «Բոլորս էլ սպասում ենք, որ վերջը խաղաղություն լինի, ժեմկետներն ասելը, որոշելը սխալ կլինի: Սիրիան թիրախ է, հակամարտությունների առանցքում է ու այդ շահերի հետ կապված է դեպքերի զարգացումը»: