Լևոն Իսկենյան. Մորգենլանդի փառատոնը շեշտը դրել է հայկական երաժշտության վրա
«Գյուրջիև» ժողովրդական նվագարանների անսամբլն այս ամիս արդեն համերգներով հանդես է եղել Նիդեռլանդներում և Բելգիայում, առաջիկայում նախատեսված են համերգներ Գերմանիայում, Բեյրութում և Բրազիլիայում: Համերգների ընթացքում անսամբլը ներկայացնում է Կոմիտաս և Գ. Գյուրջիև:
«Եթե նույնիսկ նախապես հայտարարված չի լինում, որ համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ թեման անուղղակիորեն արծարծվում է, քանի որ եթե հնչում է Կոմիտաս, հնարավոր չէ շրջանցել Հայոց ցեղասպանության թեման»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Լևոն Իսկենյանը:
Ներկայացնելով հյուրախաղերը, նա ասաց, որ Նիդեռլանդներում անցկացվող «Հոլանդ փառատոնը», որը կատարողական արվեստների ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է, մշտապես ցանկություն է ունեցել հրավիրել համույթին մասնակցելու փառատոնին. «Հրավիրեցին այս տարի: Որոշեցինք ներկայացնել Կոմիտասի ստեղծագործություններ: Փառատոնի կազմակերպիչները ցանկություն հայտնեցին, որ համերգի ընթացքում հնչի նաև Գյուրջիևի աշխատանքներից»:
Լևոն Իսկենյանի խոսքով, և Նիդեռլանդներում, և Բելգիայում կայացած համերգների ընթացքում լայն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության թեմային. «Համերգների բուկլետների վրա գրված էր պատմությունը, նաև համերգներից առաջ ինքս էլ անդրադառնում էի: Եղել է նաև քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով, որին ներկա էին սփյուռքում ծնված արվեստագետներ»:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղի լրատվամիջոցների կողմից: Լևոն Իսկենյանն ասաց, որ լուսաբանող լրագրողների, նաև հենց հանդիսատեսի, որի միայն 5 տոկոսն էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մեծ մասը տեղյակ էին 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Ըստ նրա, հանդիսատեսի մեջ կային նաև թուրքեր:
Հուլիսի 22-ին Գերմանիայի Օսնաբրուկ քաղաքում «Գյուրջիևի» անվան ժողովրդական նվագարանների համույթը կմասնակցի Մորգենլանդի փառատոնին: Լևոն Իսկենյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը շեշտը դրել է հայկական երաժշտության վրա՝ հրավիրելով երաժիշտներ Հայաստանից և սփյուռքից:
«Գյուրջիևի» անվան ժողովրդական նվագարանների համույթը ստեղծվել է 2008 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երաժշտի ստեղծագործությունների տարածմանը: Նվագարանների անսամբլի կազմում դուդուկ, բլուլ, սազ, թառ, քամանչա, ուդ, սանթուր, դափ և դհոլ նվագող երաժիշտներ են:
2012-ին աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկում` հոլանդական «Edison Music Award»-ում «Գյուրջիևի երաժշտությունը» ձայնասկավառակը «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
Նախորդող հրապարակում՝
Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլը ելույթներ է ունեցել Ամստերդամում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան