ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները ականապատում են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ճարտարապետական համալիրի ավերակները: Այս մասին հայտնում է Reauters գործակալությունը` հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Ըստ կենտրոնի ունեցած տվյալների` ծայրահեղականները ականներ են դնում, սակայն դեռ հայտնի չէ` արդյոք նրանք պատրաստվում են պայթեցնել մշակութային օբյեկտները թե նրանց թիրախը կառավարական զորքերն են, որոնք մայիսից փորձում են ազատագրել քաղաքը:
«Նրանք քաղաքը ականապատել են հունիսի 20-ին: Ականապատված է նաև Հռոմեական ամֆիթատրոնը: Մենք մինչև հիմա չգիտենք իրական պատճառը»,-գործակալությանը փոխանցել է կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլռահմանը:
Այս լուրը հաստատել է նաև Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը:
«Քաղաքի ականապատման լուրը, կարծես թե, ճիշտ է: Քաղաքում իրավիճակը վտանգավոր է»-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավեց մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան