Թանկացումներ նախատեսող ակցիզային հարկի մասին օրենքի ընդունումը հետաձգվեց
«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցման ռեժիմով հետաձգվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է օրինագծի 2-րդ ընթերցումը հետաձգել մինչև աշուն։
Նշենք, որ օրինագծի անհրաժեշտությունը բխել է Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցելուց:
Կառավարությունն առաջարկում էր 10 տոկոսով ավելացնել ծխախոտի արտադրանքի և օղու ակցիզային հարկի դրույքաչափը: Բացի այդ, կառավարությունը նույն օրինագծով առաջարկում էր վերանայել վառելիքի` բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերը: Եթե ներկայումս բենզինի համար 112 հազար դրամ է սահմանված ակցիզային և ավելացված հարկի հանրագումարը, ապա նոր օրինագծով առաջարկվում է այն դարձնել 120 հազար դրամ 1 տոննայի դիմաց, եթե դիզելային վառելիքի համար` 32 հազար 500 դրամ է հիմա, ապա փոփոխությամբ առաջարկվում է դարձնել 35 հազար դրամ, սեղմած գազի 1000 խմ-ի համար սահմանել 8300 դրամ:
Խորհրդարանում հիմնականում Հանրապետական խմբակցությունում ընդգրկված գործարար պատգամավորները կամ դեմ էին քվեարկել, կամ ներկա էին նիստին, բայց չէին մասնակցել քվեարկությանը: