Թուրքական ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի վարչապետի հայտարարությունը
«Բելգիայի վարչապետի կողմից 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակվելը չի համապատասխանում պատմական ճշմարտությանը և ոտնահարում է օրենքը»,-ասվում է հունիսի 20-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որով դատապարտել է հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի ժամանակ երկրի վարչապետ Շարլ Միշելին, ով խոսել էր 1915թ կոտորածներից ու չէր խուսափել դրանք անվանելՀայոց ցեղասպանություն:
«Սեփական պատմության մութ էջերի հետ չառերեսված Բելգիան որոշ ժամանակ է՝ զգալիորեն ավելացրել է թուրք ինքնության դեմ ուղղված ու պատմության միջոցով թուրքերին մեղադրող հայտարարությունները, որոնց դեմ մենք հետևողականորեն պայքարելու ենք: Փաստ է, որ Բելգիան քաղաքական աղմուկ բարձրացնելու փորձեր է անում թուրքերին սևացնող քաղաքականությամբ, ռասիստականությամբ, օտարների դեմ թշնամանքով և հակաիսլամական վարքագծով»,- նշվում է հայտարարության մեջ:
Թուրքական ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Բելգիայի վարչապետի հայտարարությունը անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-բելգիական հարաբերությունների վրա: