Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության
«Եթե «5+1 խումբը» մեծ պահանջներ չներկայացնի, ապա միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով բանակցություններ կունենա ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջուկային խնդրի շուրջ «5+1 խմբի» հետ նախատեսվող վճռորոշ հանդիպման նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջնական համաձայնություն ձեռք բերելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Բանակցություններին մասնակից բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան մեծ և միջազգային նորմերով չնախատեսված պահանջներից, այդ դեպքում հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության»:
Շարունակելով խոսքը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է. «Դեռ որոշ քաղաքական և տեխնիկական խնդիրներ կան քննարկելու, ջանքեր ենք գործադրում, որպեսզի առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում աշխատանքն ավարտին հասցնենք»: