«Մենք մեր զինվորի կողքին ենք». 50 միլիոն դրամ կբաշխվի զինվորների ընտանիքներին
Այսօր Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ այս տարի ևս հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է Հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին:
Ծրագիրը մեկնարկել է իրենց կյանքը հանուն հայրենիքի անկախության զոհած զինվորների ոգեկոչմամբ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար, ԱՀԹ թեմական խորհրդի անդամ Վահան Պողոսյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը, զոհված զինվորների ծնողներ:
Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում թեմի բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը ներկայացրել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրը: Ապա ցուցադրվել է ՀՀ ՊՆ կողմից նկարահանված «Նրանք հայրենիքը գրկած են ապրում» ֆիլմից հատվածներ, որը պատմում է նախորդ տարվա ծրագրի մասին:
Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասել է . «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Եվ տա Աստված, որ այն շարունակական լինի, և հոգևոր կապն ու հաղորդակցությունը մշտամնա լինի բանակի և եկեղեցու միջև:
Ձեր կորուստը, միանշանակ, մեր կորուստն է, և մենք հանձնառու ենք, որպեսզի սիրով զորակցենք մեկս մյուսին: Նրանք գերեզմաններ չունեն, նրանց գերեզմանները մեր սրտերում են, նրանց անունները՝ մեր շուրթերին և մեր աղոթքներում: Նրանք իրենց կյանքը՝ ամենաթանկը, նվիրեցին մեր ազատության ձեռքբերման համար, որպեսզի մենք ապրենք անխռով, անամպ երկրում: Նրանք երկնաբնակ զինվորներ են և հավերժության հունդեր են սերմանում երկնքից երկիր իրենց անմարմին հոգիներից մեր մարմնապատ հոգիների մեջ: Ս. Մարիամ Աստվածածինը գիտեր, թե ինչ սուր է անցնելու իր սրտի միջով. իր Որդին խաչվելու է: Բայց նա խոնարհությամբ և վեհությամբ ընդունեց իր Զավակի կորուստը, որովհետև գիտեր՝ այդ զոհաբերությունը մարդկանց փրկության համար է: Մի աղոթք կա, որն ուզում եմ ընթերցել մխիթարության և սփոփանքի համար, որը ներքին ուժականություն կհաղորդի մեզ բոլորիս. «Ով Տիրամայր, մայր թագուհի երկնքի և երկրի և համայն մարդկության: Ընդունիր մեր խնդրվածքները և բարեխոս եղիր միածին Որդուդ՝ Հիսուս Քրիստոսին մեր ազգի նահատակ հոգիների՝ զինվորների համար: Քաղցրությամբ և սիրով պահիր նրանց երկնային օթևաններում և թող խաղաղություն լինի հայոց աշխարհում ու ոչ մի մայր այլևս զավակ չկորցնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան